Մինչ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում իրենց բանակցություններն էին ամփոփում, ընդդիմադիր մի շարք ուժեր իրենց բողոքի ձայնը փորձում էին հասցնել շենքի ներսում գտնվողներին։ Նրանց, սակայն, կառավարության շենքին մոտենալ չթույլատրեցին, ոստիկանական պատը փակել էր ճանապարհը՝ հարակից փողոցի լուսացույցի մոտից։
«Համենայնդեպս, մենք ավելի բարձր այստեղից կխոսենք, որպեսզի այն շենքում նստած մարդիկ, որոնք արարողակարգային ձեռքսեղմումների ու ժպիտների մեջ են, դիվանագիտական կեղծիքի շղարշով են փորձում ծածկել ճշմարտությունն ամբողջ աշխարհից, մենք ավելի բարձր կխոսենք»։
«Հայաքվե» միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայփոստ»-ի շենքի մոտից՝ հայերենով, հաջորդիվ էլ նրա գործընկեր Աննա Կոստանյանը անգլերենով, մեղադրանքների մի ամբողջ շարք հեռավար կերպով ներկայացրեցին Փաշինյանին ու Ֆոն դեր Լայենին։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը գովեստի խոսքեր է շռայլում մարդուն, որ Հայաստանի բանտերը լցրել է քաղբանտարկյալներով։ Այնտեղից գալուց առաջ, տիկին ֆոն դեր Լայեն, դուք գտնվում էիք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռք, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ տնավեր են դարձել և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրրանում։ Իսկ այսօր դուք այստեղ ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում»։
Մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում այսօրվա ակցիային՝ բանտերում, տնային կալանքում գտնվող քաղաքական, հասարակական, ռազմական գործիչների, բարձրաստիճան հոգևորականների նկարներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ակցիա՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին զուգահեռՊաստառների գերակշիռ մասի վրա պատկերված էին՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Պնդում էին, որ այս մարդիկ ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար։
Ռուսաստանի օգտին լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով կալանավորված «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանի թիմակիցներ Մանուկ Սուքիասյանն ու Արեգնազ Մանուկյանը հիշեցրեցին՝ ինչի մասին են եվրոպական արժեքները։
«Իշխանությունները եվրոպական ինտեգրման անվան տակ, իրականում իրականացնում են հակաժողովրդավարական, հակադեմոկրատական, մարդու իրավունքների դեմ ուղղված, շատ հստակ, ընդգծված, բռնատիրական քաղաքականություն, իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալել են», ասաց Մանուկ Սուքիասյանը։
Հայաստանի իշխանությունները պնդում են, սակայն, որ այսօրվա ցույցի պաստառների վրա պատկերված անձանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում՝ կոնկրետ հանցագործությունների կասկածով, ոչ թե նրանց ընդդիմադիր քաղաքական գործունեության համար։
«Պետք է ստիպենք աշխարհին, Եվրոպային՝ խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին», նշեց 8-րդ գումարման ԱԺ-ից արդեն հեռացող, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա այսօր հայտարարեց՝ միայն իր կուսակից Արմեն Աշոտյանի համար չի եկել այս ակցիային։ Կրթության նախկին նախարար Աշոտյանը անցած ամսվանից դարձյալ բանտում է՝ այս անգամ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործով։ Նախորդ գործը, որով Աշոտյանը ավելի քան մեկ տարի պահվեց բանտում, առնչվում էր Բժշկական համալսարանին։
«Անկախ այն երգերից, որ այսօր կերգվեն այս շենքում, կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն ընդունել է և պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կա կան քաղբանտարկյալներ», ասաց Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանը նկատի ունի Եվրոպական ժողովրդական կուսակցության 2023 թվականին ընդունված արտահերթ՝ «Աջակցություն Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին՝ աճող ավտորիտարիզմի պայմաններում» բանաձևը։
ԵԺԿ-ն այդ բանաձևում չորս երկիր էր թվարկել՝ Բելառուս, Ռուսաստան, Վրաստան ու Հայաստան։ Հայաստանի մասում հիշատակված էր միայն Արմեն Աշոտյանի անունը, և ԵԺԿ-ն մտահոգություն էր հայտնել, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահի ազատազրկումը՝ էական ապացույցների բացակայության պայմաններում, մեծ մտահոգություն է իրենց պատճառում։
«Էն, ինչ արվում է Հայաստանի հանդեպ, որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ, որևէ առնչություն չունի մարդու իրավունքների հետ և բացառապես ծառայում է Հայաստանի՝ աշխարհաքաղաքական շահերի հետ կապ չունեցող, շահերի սպասարկման»։
Այսօրվա ակցիան ավարտվեց առանց կառավարության շենքի մոտ հասնելու. ավելի վաղ իրենց բողոքը նամակի տեսքով ուղարկել էին Ուրսուլա ֆոն դեր Լայենի էլեկտրոնային հասցեին։