Պատերազմի 12-րդ օրը ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ ականներ տեղադրող իրանական 16 նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մոտ: Այն նավթի մատակարարման աշխարհի ամենաբանուկ ու կարևորագույն ուղիներից մեկն է, որն Իրանը փակ է պահում արդեն ինը օր:
Իսրայելն ու ԱՄՆ-ն նաև հարվածել են Իրանի զինված ուժերի հրամանատարական կենտրոնների, այդ թվում՝ Թեհրանում։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Ալիգուդարզ քաղաքում զոհվել է առնվազն ինը մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի գնդապետ: Զոհեր և վիրավորներ կան նաև Թավրիզում: Սպահանի նահանգապետը պատմել է, որ ռմբակոծությունների «արյունալի գիշեր» է եղել, հարձակման են ենթարկվել նաև նահանգի հնագիտական և պատմական վայրերը:
Պատերազմի հետևանքով առ այսօր Իրանում սպանվել է 1255 մարդ, վիրավորվել է ավելի քան 12 հազարը: Կարմիր մահիկի տվյալներով՝ երկրում մոտ 20 հազար քաղաքացիական շենք է վնասվել, այդ թվում՝ տներ, հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ:
Վերջին օրերի ինտենսիվ հարվածների ֆոնին Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ «Ռոսատոմ»-ը, գիշերը Բուշերի ատոմակայանի ևս 150 աշխատակցի է տարհանել երկրից: Նրանք Հայաստանով վերադառնում են Ռուսաստան:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմարշավը ժամանակային որևէ սահմանափակում չունի և կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է:
«Մենք ամեն օր կշարունակենք ջախջախել ռեժիմը և դրա ռազմավարական թիրախները Թեհրանում և ողջ Իրանում՝ թիրախ առ թիրախ։ Կշարունակենք դա նաև, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա ապստամբել, քայլեր ձեռնարկել և տապալել այս ռեժիմը։ Ի վերջո, դա նրանցից է կախված», - ասել է Կացը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ ասել է, որ ռազմական գործողությունները կավարտվեն, երբ Թրամփը որոշի, որ ռազմական նպատակները կատարված են, և Իրանն այլևս սպառնալիք չէ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար:
Իրանին զուգահեռ՝ Իսրայելը շարունակել է հարվածները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի օբյեկտներին Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում, որտեղ վնասվել է նաև բազմաբնակարան շենք: Մոտ երկու տասնյակ մարդ է սպանվել Լիբանանում վերջին մեկ օրում, կան նաև վիրավորներ: Բնակիչներն ահաբեկված են:
«Մենք քնած էինք։ Առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում էր … աննկարագրելի ձայն էր: Չեմ կարող նկարագրել, թե որքան վախենալու է։ Բավական է։ Սա մղձավանջ է, ե՞րբ է սա ավարտվելու … մենք իսկապես այլևս չենք կարող դիմանալ», - ասում է լիբանանցի Բասիմա Ռամադանը:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն, իր հերթին, հայտարարել է, որ հարավում հարվածել է իսրայելական զորքին:
Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով Լիբանանում սպանվել է առնվազն 570, վիրավորվել՝ 1440 մարդ, տեղահանվել է մոտ 780 հազար մարդ:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի ռազմական հետախուզության գործակալությանը, Հայֆայի ռազմածովային բազային և երկրի ռադարային համակարգին։
Իրանի հարվածներից Իսրայելում մինչ օրս սպանվել է 13, վիրավորվել՝ մոտ 2 հազար մարդ:
Իրանը նաև հարվածել է ամերիկյան ռազմաբազաների Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում: Ըստ իրանական ISNA գործակալության՝ սա պատերազմի սկզբից ի վեր «ամենաավերիչ և ծանրագույն գործողությունն» է եղել։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել:
Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավ է վնասվել ենթադրաբար իրանական հարվածներից: Դուբայի օդանավակայանի մերձակայքում հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու է խոցել, որոնց բեկորներից չորս մարդ է վիրավորվել:
Իրանն իր բանկերից մեկի վրա հարձակումից հետո հայտարարել է, որ կարող է թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված «տնտեսական կենտրոններն ու բանկերը»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ կապեր ունեցող Tasnim գործակալությունը հրապարակել է ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերությունների գրասենյակների և ենթակառուցվածքների ցանկը, որոնք ներկայացվել են որպես «նոր թիրախներ»։ Իրանը համարում է, որ դրանց ստեղծած տեխնոլոգիաներն օգտագործվել են ռազմական նպատակներով: Այդ ընկերությունների թվում են Google-ը, Microsoft-ը, IBM-ը, Nvidia-ն և Oracle-ը, որոնց գրասենյակներն ու ենթակառուցվածքները գտնվում են Իսրայելի մի քանի քաղաքներում, նաև Պարսից ծոցի երկրներում։
Իրանը շաբաթասկզբից ղեկավարում է սպանված գերագույն հոգևոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը, սակայն, այս օրերին որևէ հանրային ելույթ չի ունեցել, ուղերձներ չի հղել: Կիպրոսում Իրանի դեսպանը հաստատել է, որ նա վիրավորվել է հենց այն հարձակման ժամանակ, որի հետևանքով սպանվել էր հայրը: Իրանի կառավարության խորհրդական Յուսեֆ Փեզեշքիանն էլ հավաստիացրել է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդը «ողջ և առողջ է»:
Իսկ իրանցիներին երեկ դարձյալ փողոց դուրս գալու և իշխանությունը տապալելու կոչ արած Իսրայելի վարչապետին արձագանքել է Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը, որը մահով է սպառնացել ցուցարարներին:
«Այսուհետ, եթե որևէ մեկը գործի թշնամու հրամանով, մենք այլևս նրանց չենք համարի ցուցարարներ... Մենք նրանց կհամարենք թշնամի և կվերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք թշնամուն։ Մեր ողջ թիմը մատը ձգանին պահած՝ պատրաստ է պաշտպանելու հեղափոխությունը և աջակցելու մեր ժողովրդին ու մեր հայրենիքին», - հայտարարել է Ռադանը:
Տարածաշրջանային կոնֆլիկտը շարունակում է խաթարել համաշխարհային տնտեսությունը: Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման դադարեցման պատճառով նավթի գինը դեռ բարձր է՝ 90 դոլար մեկ բարելի համար: Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել մեկ բարելի համար, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։
Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները հայտարարել են, որ պատրաստ են օգտագործել նավթի ռազմավարական պաշարները: Կառույցը, որը ստեղծվել է նման ճգնաժամերին հակազդելու համար, անդամ պետություններին խնդրել է 400 միլիոն բարել նավթ տրամադրել։
Եվրոպայում կտրուկ բարձրացել է նաև բնական գազի գինը: Եվրամիությունը քննարկում է գազի գնի սուբսիդավորման կամ սահմանափակման հնարավորությունը՝ որպես էներգետիկ ծախսերի զսպման միջոց:
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ այսօր ավելի ուշ կքվեարկի Բահրեյնի ներկայացրած բանաձևի շուրջ, որը դատապարտում է Իրանին տարածաշրջանի երկրների վրա հարձակումների համար և պահանջում դադարեցնել դրանք։