Փաստաբանը կասկած ունի, որ բռնության զոհերի շրջանակը կարող է մեծանալ

Երրորդ օրն է՝ Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջնակը դպրոց է գնում քրոջ ու եղբոր հետ, ավագ քույրը հեռավար կսովորի։

«Դասարանում իրենց լավ են զգում, շրջապատված են սիրով, հոգատարությամբ։ Դասղեկը, հոգեբանն ու տնօրենությունն իրենց ջերմությամբ են շրջապատում։ Փառք Աստծո, ադապտացվում են միջավայրին»,- ասում է Վեդու հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը։

Ընտանիքի երեք երեխաները Վեդու հիմնական դպրոցում են սովորում։ Տնօրեն Ալվարդ Պապոյանը, որ մինչև այս հոգեբանի հետ պարբերաբար տուն էր այցելում, այժմ վստահեցնում է՝ թե՛ հոգեբանական աշխատանքն է շարունակվում, թե՛ կրթական պրոցեսն է վերականգնվել.

«Ընկերուհիների հետ շփվում են, սա ևս շատ ուրախացնող է, մենք կողքից անընդհատ նայում ենք։ Ամեն ինչ կարծում եմ, որ արագ հունի մեջ կընկնի»,- նշում է դպրոցի տնօրենը։

Երեկվանից ոստիկանությունն է հերթապահում անչափահաս քույրերի տան մոտ, այսօր առավոտից էլ դպրոցի մոտ էին։

Քննչական կոմիտեի նախագահն օրեր առաջ էր հայտնել, որ պաշտպանության, անվտանգության միջոց կկիրառվի: Երեք ամսով ուշացած պաշտպանություն է,- ասում է բռնության ենթարկված անչափահաս քույրերի փաստաբանը.

«24 ժամ պետք է հսկվեն երեխաները, նրանց շարժը հսկվի, որպեսզի ավելորդ ինչ-որ միջադեպեր կրկին չարձանագրվեն։ Մասնավորապես՝ խոսքը կարող էր գնալ և՛ մեղադրյալների ընտանիքի անդամների կողմից, և՛ այլ անձանց կողմից, թեպետ նշեմ, որ այդ ընտանիքի անդամների կողմից, մանկապիղծների, որևէ միջադեպ էրեխեքի մասով մենք չենք արձանագրել»,- ասում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերից հետո Վեդիում լարվածությունը չի մարում

Մեղադրյալները երեքն են. ընտանիքի հետ մտերմություն արած 65-ամյա վեդեցի տղամարդն իր 58-ամյա ընկերոջ հետ մեղադրվում են սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար, իսկ 39-ամյա մի երևանցի, որ ընտանիքին որպես բարերար է ներկայացել, մեղադրյալ է ավելի մեղմ՝ անառակաբարո գործողություններ կատարելու հոդվածով: Վերջինիս մեղադրանքն, ըստ փաստաբանի, պայմանավորված է նրանով, որ կրտսեր աղջնակը, որի հեռախոսում էլ գտնվել են այս բարերարի ձայնային հաղորդագրությունները, դեռ չի հարցաքննվել.

Փաստաբանի խոսքով.- «Ամսի 6-ին էր, որ փորձում էին առանց փաստաբանների և օրինական ներկայացուցչի տանել հարցաքննության ներկայացնել, ինչը չթողեցինք մենք, դրանից հետո որևէ գործողություն չի կատարվել, իսկ մեկը հարցաքննվել և առերեսվել է»։

Երեք մեղադրյալներն էլ կալանավորված են այժմ։ Փաստանբան Վարդուհի Էլբակյանն ունի կասկածներ, որ նրանց սեռական կրքերի զոհերը միայն այս երկու աղջնակները չեն:

«Կերազեմ, որ կասկածները հերքվեն»,- ասում է փաստաբանը։

Վեդիի այս զարհուրելի պատմությունը լրահոսում այս ամսվա սկզբին պայթեց: Դեռ փետրվարին ոստիկանությունն ահազանգ էր ստացել աղջնակներից մեկի նկատմամբ սեռական բռնության կասկածի մասին: Ըստ փաստաբանների՝ իրավապահները ոչինչ չէին ձեռնարկել, հետո երկրորդ ահազանգը՝ արդեն ավագ քրոջ հանդեպ բռնության, ապրիլին դարձյալ անգործություն՝ մինչև Badoyan News-ը գրեց, թե իրավապահները մանկապղծության գործ են կոծկում։ Երեք ամիս շարունակ ազատության մեջ գտնվող ենթադրյալ բռնարարաները կալանավորվեցին օրեր առաջ։

Մայիսի 7-ին՝ օրվա առաջին կեսին, այս կարծիքին էր վարչապետ Փաշինյանը. «Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում: Բա դուք որտեղի՞ց եք իմացել էդ գործի մասին»։

Երեկոյան, սակայն, Արարատի մարզի ու Վեդի քննչականի, ոստիկանության բոլոր բարձրաստիճանները հեռացվեցին աշխատանքից, մարզի դատախազն ինքը հեռացավ: Հիմա արդեն Փաշինյանը այս սարսափելի պատմության մասին խոսում է առանց իրավապահների հանդեպ գորովանքի.

«Որոշակի դառնության զգացում ունեմ, կարծում եմ և պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքի»,- շեշտել է վարչապետը։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը կարծում է՝ բոլորը չի, որ հեռացվել են: Իրավապահների անգործության հետևանք էր, որ աղջնակների հորեղբայրը դանակով փողոց էր դուրս եկել ու դանակահարել ենթադրյալ մանկապիղծներից մեկին, հետո էլ, երբ երեխաներից մեկին առանց փաստաբանի ու օրինական ներկայացուցչի հարցաքննության էին կանչում, միջադեպ էր եղել ոստիկանության ծառայողի հետ: Երեխաների հորեղբայրը ձերբակալվեց, սակայն նրան մեղադրանք չառաջադրվեց, ազատ արձակվեց.

«Չուզեցին հասարակության կրքերն ավելի թեժացնել։ Ես կարծում եմ, որ ավելի կթեժացներ վրդովվմունքը հասարակության մեջ, եթե հիմա էլ հորեղբորը մեղադրանք առաջադրեին՝ հասկանալով հանդերձ, թե ինչու է հորեղբայրն այդ քայլին դիմել»,- նկատում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Իրավապահների պաշտոնանկություններից հետո անչափահաս քույրերի փաստաբանները հարցաքննության ծանուցումներ չեն ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վեդիում բռնության ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբանՎեդիում անչափահաս քույրերի գործով մեղադրանք է ներկայացվել ևս մեկ անձի5-րդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքովՓաշինյանը պնդում է՝ Վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել, փաստաբանը հակադարձում էԱրարատի մարզի և Վեդիի ոստիկանության ու քննչականի պետերն ազատվել են պաշտոններից