Փաշինյանը Ռուսաստանում է. այցն ուղեկցվել է բողոքի ակցիայով

Հայաստանի վարչապետն Ազգային ժողովի ընտրություններից երկու ամիս առաջ աշխատանքային այցով Ռուսաստանում է:

Ակցիա դեսպանատան մոտ

Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունից կարճ ժամանակ անց Տելեգրամ ալիքներում կադրեր հայտնվեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ ակցիայից: Հավաքված մի խումբ քաղաքացիներ իրենց վրդովմունքն էին հայտնում Հայ Առաքելական եղեկեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին ուղղված վարչապետի հիմնական մեղադրանքներից մեկն այն է, որ նրանցից ոմանք КГБ գործակալներ են: Ամիսներ առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրին» պատկանող լրատվամիջոցը փաստաթուղթ էր հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայր, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Նույն փաստաթղթում նաև պնդում կար, թե Եզրաս արքեպիսկոպոսը ներկայումս ևս կապեր է պահում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Այսօրվա ակցիայի շարքերում նաև հոգևորականներ կային:

«Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը КГБ-ի գործակալ է եղել», - ամիսներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԱԾ-ն հրաժարվում է ասել՝ կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի՞

Իսկ մոսկովյան հյուրանոցի միջանցքում վարչապետ Փաշինյանին մի տղամարդ մոտեցավ, առաջարկեց՝ նկարվի երեխայի հետ, ինչպես բացատրեց, որ երեխան հետո ճանաչի «Ղարաբաղը հանձնողներին»: Վարչապետը լուսանկարվելուց հետո հեռացավ:

Կրեմլի ղեկավարի հետ հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանինն է: Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում: Բայց Փաշինյանն անցած շաբաթ շատ հպանցիկ խոսել էր իր այցի մասին. «Այդ հանդիպումները մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար են»:

Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգից որոշ ընդհանուր տեղեկություններ հայտնել էին Կրեմլից: Հայաստանի վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները՝ մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը:

Վարչապետի հետ Մոսկվա են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Երկաթուղու հարցով Երևանի հետ «բանակցություններ չկան»

Այս փուլում Երևանի և Մոսկվայի միջև քննարկվող գլխավոր հարցերից մեկը ռուսական կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղու հարցն է: Մոսկովյան բանակցություններից առաջ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն արդեն հայտարարեց՝ երկաթուղու հարցով Երևանի հետ բանակցություններ չկան:

«Մարտի 30-ին տրանսպորտի նախարարն Անդրեյ Նիկիտինն ասել է, որ Ռուսաստանի դաշնությունը բանակցություններ չի վարում հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու շուրջ՝ ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ կոնցեսիոն կառավարման պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարով՝ ևս 10 տարվա երկարաձգման հնարավորությամբ: Եվ արդեն տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են կազմում», - ասել է Մարիա Զախարովան:

Նիկոլ Փաշինյանը մեկուկես ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ին պետք չի գնալ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ. վարչապետը՝ ՌԴ-ի հետ երկաթուղու հարցով քննարկումների մասին

Որ Նիկոլ Փաշինյանի այս գաղափարը Մոսկվայի սրտով չէ, ռուս պաշտոնյաները այս ընթացքում չեն թաքցրել: Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դեռ այն ժամանակ էր «տարօրինակ և փոքր-ինչ անընդունելի» որակել վարչապետ Փաշինյանի գաղափարը, հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։

Այս արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը թեև ասում էր, որ երկաթուղու կառավարման հարցով Երևանի և Մոսկվայի միջև աշխատանքային քննարկումներ են ընթանում, բայցև շեշտում՝ չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ՝ կոնֆլիկտային տրամաբանությամբ:

Պուտին-Փաշինյան անցած շաբաթվա հեռախոսազրույցից հետո լուրեր կային, թե երկաթուղին ղազախական կողմին փոխանցելու շուրջ քննարկումներ կան: Եթե շաբաթներ առաջ Փաշինյանի տպավորությունն այն էր, որ հարցի շուրջ ռուսական կողմի հետ ըմբռնում կա, անցած հինգշաբթի կառավարության ղեկավարի մեկնաբանությունը փոքր-ինչ այլ էր. «Այնպես չէ, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում, քննարկում... որովհետև Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, համաձայն ենք, եկեք այդպես անենք»: Նկատի ունեմ՝ քննարկումը մի քիչ այլ ռեժիմ է, բայց այդպիսի գաղափարներ կան թևածող»:

Արդյոք այս հարցը կհանգուցալուծվի այսօրվա բանակցություններից հետո՝ պարզ չէ:

Վարչապետի այցը տեղի է ունենում նաև մի իրավիճակում, երբ ՔՊ-ականներ ու մերձիշխանական գործիչներ պարբերաբար խոսում են Ռուսաստանից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների և Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ անձամբ էր պնդում, թե առաջիկա ընտրություններում իր մրցակիցներ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը գործում են արտաքին ցուցումով:

«Նրանց ուղարկել են այստեղ, ասել են՝ խնդիրը չլուծեք, ֆորմալ ինչ-որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ հիմնական ուժերը՝ երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրենց ասվել է՝ ուզո՞ւմ եք այդ ունեցվածքը պահել, աշխատեք, քրտնեք», - հայտարարել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին

Արդյոք Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ բանակցություններում կբարձրացնի՞ այս հարցը, թե՞ ոչ, հայտնի չէ: