Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Փեզեշքիանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:

«Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:

«Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար», - գրել է Նիկոլ Փաշինյանը՝ Մասուդ Փեզեշքիանին մաղթելով համբերություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն:

Իսրայելն ու ԱՄՆ-ը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ու զինված ուժերի տասնյակ այլ ղեկավարներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը Երևանի պատրաստակամությունն է հայտնել՝ Իրանին մարդասիրական աջակցություն ցուցաբերելուԹրամփն Իրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում