Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Երևանի պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա, հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը:
Աբբաս Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, ասել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։ Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան թիրախավորել է Իսրայելն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները:
«Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար», - ըստ հաղորդագրության՝ ասել է Արաղչին։
Միրզոյանը ցավակցել է Իրանի գերագույն առաջնորդի, ինչպես նաև քաղաքացիների մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունն ավելի համառոտ է: Նշվում է միայն, որ արտգործնախարարների զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր: Մարդասիրական աջակցության պատրաստակամության մասին ԱԳՆ-ն չի հաղորդել:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, սակայն, դատապարտելով Իրանի հարվածները, շեշտել են, որ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Լրատվամիջոցները հայտնում են մերձավորարևելյան երկրներում պայթյունների մասին:
Բոլոր թարմացումներն՝ այստեղ