Փաշինյանը պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ պատարագի մասնակցեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ այսօր պատարագի մասնակցեց:

Նախքան եկեղեցի մտնելը Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց:

Պատարագից հետո քաղաքացիներից մեկը ցանկանում էր մոտենալ վարչապետին, սակայն թույլ չտրվեց.

Տևական ժամանակ կանոնական դաշտ վերադառնալու հորդորներից հետո Գարեգին Երկրորդը երեկ պաշտոնանկ արեց Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Նա այլևս Մասյացոտնի թեմի առաջնորդը չէ: Արդյո՞ք մյուս 9 ևս կհեռացվեն, առայժմ պարզ չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը պաշտոնանկ արեց վարչապետին միացած եպիսկոպոսին. Ի՞նչ է սպասվում մյուս 9-ին

Այսօր՝ պատարագից հետո, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարող կիսել կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի հայացքները»:

Վարչապետի հետ կաթողիկոսին գահընկեց անելու պայքար սկսած Սարոյանը դեռ մեկ ամիս առաջ «Առավոտի» հետ զրույցում կրկնել էր Փաշինյանի թեզը, թե Առաքելական եկեղեցու հովվապետը գործակալ է: Կոնկրետ ո՞վ և ի՞նչ փաստեր էր իր առջև դրել, եպիսկոպոսը չէր մանրամասնել: Լրագրողի դիտարկմանը՝ «հիմա Դուք հավատում եք, որ եկեղեցու առաջնորդը գործակալ է», նա արձագանքել էր. «Փաստաթղթեր, հանդիպումների ֆիքսված արձանագրություններ, ի՞նչ ասեմ էլ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էջմիածնում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկը

Մայր Աթոռը երեկ շեշտել էր՝ Գևորգ սրբազանին պաշտոնանկ անելու համար հիմք են ծառայել թեմի առաջնորդի դիրքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու հանգամանքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարոյանի պաշտոնազրկման մասին որոշումից հետո երեկ իր տեսակետը հայտնեց.

«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Փաշինյան. «Պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը մտադրությունը փոխի»Եպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտՄիակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները. Վազգեն արքեպիսկոպոս«Փաշինյանի կոչին հետևելն ու կրոնական ծեսը խոչընդոտելը քրեական հանցանք է». սահմանադրագետ«Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, հետևեք լրատվությանը, կտեսնեք». վարչապետի պնդումը ընդդիմությունից «զրպարտող» են համարում