«Պիղծ է ձեր Վեհափառը». Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց նիստերի դահլիճում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից «պիղծ» անվանեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, երբ Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը:

«Պիղծ ա ձեր Վեհափառը, պիղծ ա: Եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք ինչքան ուզում եք: Երեխա ունենալու ուրիշ մեթոդներ նույնիսկ եկեղեցում չկան: Երեխա ունենալու մի մեթոդ կա, էդ սեռական հարաբերություններ են», - ամբիոնից պնդում էր Փաշինյանը:

«Կարող է էկոյով է...», - տեղից միջամտում էր նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Իրավիճակն այսօր նիստերի դահլիճում լարվեց, երբ խոսելով Գարեգին 2-ի մասին, Փաշինյանը նրան անվանեց աշխարհիկ անունով: Խորհրդարանական ընդդիմությունն ի պատասխան սկսեց խփել սեղաններին, բղավելով՝ «Վեհափառ»:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ «հանգիստ թող Վեհափառին», ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ «Կտրիճ Ներսիսյանը պետք է հանգիստ թողնի Վեհափառին»:

Վարչապետն, ի դեպ, այսօր երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը և խոսում Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության մասին հոգ տանելու «դրամատիկ ջանքերի» մասին, նշում էր, թե շատ կարևոր է նաև՝ ինչ ես խոսում, որպեսզի դրանով չխարխլես խաղաղությունը:

Հենց այս համատեքստում վարչապետը հիշատակեց Գարեգին 2-րդին, նշելով, որ նրա հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ սուրբ պատարագների ժամանակ կոչ են հղում են Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը: Դրանով ըստ Փաշինյանին, նրանք եկեղեցին դարձնում են «պատերազմի քարոզչության» ինստիտուտ:

«Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է Առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ: Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում՝ Առաքելական եկեղեցում առաջացած խորը, համակարգային ճգնաժամին մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով», - ասաց Փաշինյանը, հիշեցնելով, որ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես ընդգրկված է իր կառավարության ծրագրում:

Հայ առաքելական եկեղեցին առայժմ չի արձագանքել Վեհափառի հասցեին հնչած գնահատականներին:

«Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը, լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, ասաց. «Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է, Արցախի անունը հիշատակելն է»:

Լրագրողների հարցին՝ «այսինքն, ցույց տվեց, որ զավակ ունենալը և այլն, երկրորդական հարցե՞ր են», Կարապետյանն արձագանքեց. «Գործիք են ինչ-որ բաներ, որպեսզի կարողանա քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա»:

Հայաստանի նոր կառավարության ծրագրում առանձին գլուխ է նվիրված եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։

Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում: Նախընտրական ծրագրով խոստանում էր մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին 2-րդին: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին մեկ տարում: Քրեական գործեր հարուցվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռին սատարող եպիսկոպոսների դեմ: Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին՝ տարբեր մեղադրանքներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսի հեռացման ու տեղապահի ընտրության հարցը՝ կառավարության ծրագրում