Միայնակ նոր կառավարություն ձևավորելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը հաջորդ կաբինետում մեծ փոփոխություններ չի անի:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարել է՝ վարչապետի իր թեկնածուն Փաշինյանն է: Իսկ որ նախարարը կմնա, որը կգնա՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հստակեցնում, թիմում էլ, գոնե հրապարակային, անուններով չեն խոսում, բայց կառավարության այսօրվա նիստից կարելի է ենթադրել՝ մտքում հաջորդ կաբինետի կազմն արդեն ունի:
«Մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը, իհարկե, նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի Ազգային ժողովում, նաև էդ ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության և ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները, նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններ իրականացնենք և պլանավորենք», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն այսօր վստահ պնդում էր, որ առանց ընտրակաշառքի իր հիմնական մրցակիցները, ինչպես ինքն է նրանց կոչում՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, չէին հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե, առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել: Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնե՞ն, թե՞ չվերցնեն: Անկեղծ ասած՝ եթե չվերցնեն, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք, թե չէ տենց ստիպված ենք լինելու խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն», - պնդեց վարչապետը:
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ն ու Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան»-ը միասին մոտ 500 հազար քվե են ստացել, եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ին հաջողվի մտնել խորհրդարան, ապա ընդդիմադիր այս երեք ուժերի քվեները 500 հազարն անցնում են: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է մոտ 720 հազար ձայն:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց. - «Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակեղծարարներ է անվանում: Իրավապահ ուժային ամբողջ կառույցները երկու ամսից էլ ավել լծված էին ընդդիմադիր ուժերի աշխատանքները խաթարելուն, բացառապես զբաղված էին գաղտնալսումներով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ, հազարավոր քաղաքացիների»:
Փաշինյանն այսօր դատական համակարգին մեղադրեց կոռումպացված լինելու մեջ, նաև նրանց պատասխանատվությունն է տեսնում, որ, ինչպես ասաց՝ նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ թե բանտում են, այլ այս ընտրություններում էլ շարունակել իրենց սև գործը:
Դատաիրավական համակարգից պատասխան է ակնկալում՝ ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված յուրաքանչյուր ոք մինչև 31-ի ընտրությունները ներառյալ, ըստ Փաշինյանի, պետք է լինի բանտում, եթե՝ ոչ, ուրեմն՝ դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության, ու պետությունը պետք է արձագանքի:
Այս ընտրություններից կարճ ժամանակ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 2017-ի ընտրություններում ընտրակաշառք տալու գործով արդարացրեց Գագիկ Ծառուկյանին:
Ավելի ուշ Փաշինյանը հենց Ծառուկյանի անունն էլ տվեց. - «Հայաստանի Հանրապետությունը պիտի միջոցներ ձեռնարկի էդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետև պիտի պատասխան տան: Ինչ ա՞ նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով: Որևէ մեկը ուզում ա ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել ա արդարացրել ա՞»:
«Լավագույն ապացույցը նրա, որ դատաիրավական համակարգին ուղիղ փորձում է միջնորդել, իր քաղաքական քմահաճույքն ու ճաշակը թելադրել, դա այն է, որ սահմանադրական անկախ մարմնի նախագահին պարզապես մեկ SMS-ով ինքը հեռացրեց աշխատանքից: Սրանից ավելի լավ ապացույց, որ իշխանությունների տարանջատման սկզբունք մեր երկրում գոյություն չունի, և ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հարմարեցնել իր քիմքին, կարծում եմ՝ չի կարող այլևս լինել», - նշեց Ագնեսա Խամոյանը:
Այսօր, երբ Փաշինյանին ուղիղ հարցրեցին՝ արդյո՞ք իր հայտարարությունները ընդդիմախոսներին բանտում պահելու ուղիղ հրահանգ չեն դատական համակարգին, վարչապետը պնդեց, թե ինքը դա որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ է ասում, հանրության համբերությունը հատել է: