Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ու մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից:
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Գագիկ Ծառուկյանը դեռ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և ըստ օրենքի՝ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Թեկնածուն նաև չի կարող զրկվել ազատությունից, եթե չկա ԿԸՀ-ի համաձայնությունը, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանքի պահին կամ անմիջապես դրանից հետո:
ԿԸՀ խոսնակը, մինչդեռ, «Ազատությանը» հայտնեց, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Դատախազությունից դիմում չեն ստացել: Ինչպե՞ս է այդպես ստացվել, այդ հարցն ուղղել ենք գլխավոր դատախազությանը: Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը նախ փոխանցեց, թե կճշտի և կարձագանքի, ապա հորդորեց գրավոր հարցում ուղարկել:
«Փաստակազմի տեսանկյունից անհիմն է, իսկ քրեաիրավական տեսանկյունից՝ ապօրինի». փաստաբան
«Հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը թվագրված է այսօրվա ամսաթվով՝ 09.06.26թ., այսօր էլ ներկայացվել է պարոն Ծառուկյանին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը», - «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Համաձայնության համար ԿԸՀ չդիմելը փաստաբանն այսպես մեկնաբանեց. - «Բնականաբար, այդ մասով առնվազն հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ակնհայտ ապօրինի է, որովհետև Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համապատասխան դրույթների համաձայն պարտավոր էին դիմել, սակայն մեզ որևէ կերպ երբևէ չեն կանչել, չեն հրավիրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով նշված պրոցեսներին մասնակցելու համար։ Ամեն դեպքում, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ներկայացնելիս նաև այդ մասով որևէ տվյալ մեզ չեն ներկայացրել ու մեզ հայտնի չի»։
Իրենց առաջիկա անելիքների մասին Խաչատրյանն ասաց. - «Ունենք հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որը փաստակազմի տեսանկյունից անհիմն է, իսկ քրեաիրավական տեսանկյունից՝ ապօրինի։ Հիմա մեզ ընձեռված բոլոր գործիքակազմերով, մեզ ընձեռված լիազորություններով ու իրավունքներով մենք մեր պաշտպանական մարտավարությունը կկառուցենք ու բացառապես օրինական եղանակներով կփորձենք պաշտպանվել և՛ մեղադրանքից, և՛ ապօրինի որոշումներից»։
«Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը՝ մեղադրանքի փաստական տվյալները չեմ կարող հրապարակել, բայց համոզված կարող եմ պնդել, որ անհիմն մեղադրանք է, որովհետև պարոն Ծառուկյանը որևէ կազմակերպության իրեն պատկանող, որտեղ որ ինքը հիմնադիր է կամ բաժնեմաս ունի, որևէ կազմակերպության փաստացի ղեկավարմանը չի մասնակցում արդեն բավականին երկար տարիներ է, և հետևաբար՝ եթե չի մասնակցում որևէ կազմակերպության ղեկավարմանը, հարկեր թաքցնելու կամ հարկերից խուսափելու մեղադրանք ուղղակի նրա նկատմամբ չի կարող հարուցվել», - պնդեց փաստաբանը՝ ընդգծելով. - «Պարոն Ծառուկյանը երբևէ այդ գործով հրավիրված չի եղել, նախկինում ո՛չ հրավիրվել է, ո՛չ հարցաքննվել է, ո՛չ որևէ պրոցեսի մասնակցել է»:
Անդրադառնալով լրատվամիջոցների այսօրվա հրապարակումներին, թե Ծառուկյանը ցանկացել է երկիրը լքել, թույլ չեն տվել, փաստաբանը պարզաբանեց. - «Կարող ենք կարճ արձանագրել, որ նախկինում եղած հրավեր է եղել, եռօրյա այց պետք է ունենար՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, եթե չեմ սխալվում, սակայն հասնելով օդանավակայան՝ անառողջ շարժ է նկատել, ու այս նմանատիպ շահարկումներից խուսափելու համար, ոչ թե իրեն չեն թողել ինքը մեկնի, հասկանալով, տեսնելով այդ շարժը, որպեսզի նման շահարկումների տեղիք չտա, ինքն է չեղարկել իր այցը»:
Բացակայելու արգելքը, ընդգծեց Խաչատրյանը, «մեղադրանքից հետո է լինում». - «Սա անձամբ, հենց այդ պահին արդեն այդ շարժը նկատելով, որպեսզի թյուր կարծիք չստեղծվի մարդկանց մոտ, ինքն էլ է չեղարկել իր այցը։ Պարոն Ծառուկյանը օդանավակայանից վերադարձել է իր բնակության հասցե, նոր պարոն Ծառուկյանին ծանուցում է եկել, որ «Ձեզ հրավիրում ենք քննչական համապատասխան ստորաբաժանում»։