Մատչելիության հղումներ

Փաշինյանը բացառում է որևէ գործարք Ծառուկյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան, Երևան, 8-ը հուլիսի, 2021թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան, Երևան, 8-ը հուլիսի, 2021թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է որևէ պայմանավորվածություն՝ գործարք Գագիկ Ծառուկյանի հետ, որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարում անցողիկ շեմը ձայների չնչին տարբերությամբ:

«Գագիկ Ծառուկյանին, ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգար», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. - «Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ մի... Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել ա աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք ա փնտրել, գտել, հետո պարզվել ա՝ ընդամենը իրան հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան»:

Եթե ընդդիմադիր գործարարի նախաձեռնած վերահաշվարկների արդյունքում պակասող քվեները լրացվեն ու «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարան մտնի, մանդատներ կկորցնի «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ զգալի թուլացնելով դիրքերը Ազգային ժողովում: Փաշինյանի կուսակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը, ինչի հետևանքով չի կարողանա միայնակ՝ առանց ընդդիմադիրների ձայների ընդունել սահմանադրական օրենքներ, հաստատել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը:

Արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին՝ Ծառուկյանի խոսնակն ասել է, թե մինչ «Բարգավաճ Հայաստան»-ը վերահաշվարկներով փորձում է վերականգնել արդարությունը, վարչապետը պիտակներ է հնչեցնում:

«Ի վերջո, ի՞նչն է պետք հերքել։ Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որ արդեն հերքել եմ։ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ», - Ֆեյսբուքում մասնավորապես գրել է Իվետա Տոնոյանը:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց տարիներ առաջ խոշոր չափերով հարկերից խուսափելու համար, իրավապահները հաշվի չառան, որ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը դեռ պատգամավորի թեկնածու է, ու առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվության մեղադրանք առաջադրեցին գործարարին, Ծառուկյանն այդ օրը ցանկացել էր մեկնել երկրից, սակայն նրան օդանավակայանից հետ էին ուղարկել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է հայտնել գործի մասին.- «19 թե 24 թվականի մասին է խոսք գնում նաև, վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսք գնում, որը նախկինում է ըստ էության բացահայտվել, վաղուց քրեական գործ կա հարուցված, և էդ քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի մեր Քննչական կոմիտեն, որ էդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել»:

«Զուգադիպությո՞ւն էր, որ հենց ընտրություններից հետո եկաք էդ կետին»,- լրագրողի այս հարցին Հակոբյանն արձագանքեց. - «Չեմ կարծում էդպիսի զուգադիպություն կա, որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ»;

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, մինչդեռ, տեսնում է ուղիղ կապը հետընտրական զարգացումների և քրեական այս գործի միջև. - «Երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական պրոցեսները, ինձ թվում է, այդ հարցի պատասխանը պարզ են դարձնում»:

Քանի իրավապահները կքննեն այս գործը, վարչապետը, որ ընտրական ամբողջ շրջանում սպառնում էր բանտ ուղարկել Ծառուկյանին, շքեղ առանձնատունն էլ դարձնել ծերերի խնամքի կենտրոն, այսօր հիշել էր դատական ավելի հին գործ:

«Ինչ ա՞ նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով: Որևէ մեկը ուզում ա ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել ա արդարացրել ա՞», - հայտարարեց Փաշինյանը:

Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում կաշառք էր բաժանել: Չանցած վեց տարի՝ նա արդարացվեց, իսկ դատավորն այսօր էլ պաշտոնավարում է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG