Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ արցախցիների կռվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
«Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», - այսօր նշեց նա:
Փաշինյանն ասաց՝ անհրաժեշտ լինի, տվյալները կգաղտնազերծի, բայց երբ՝ որոշողն ինքն է: Չնայած Փաշինյանի ղեկավարած կառավարության հնգամյա ծրագրում գրված էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց 2023-ին՝ Ղարաբաղի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում, վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, ու Հայաստանը ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ:
«Մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, դա կարող է լինել 90 տոկոս, մնացել են ձեռք չտված», - նշեց նա:
9-ամսյա բլոկադայից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում զոհվեց 223 մարդ, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերի թվում 5 երեխա կար:
Վիրավորվել էր 244 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, 20 հոգի անհետ կորավ: Այս տվյալներն Ադրբեջանի ագրեսիայից մի քանի ամիս անց հրապարակել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահը Հանրայինի եթերում: Ադրբեջանական կողմը հաղորդել էր առնվազն 191 զոհի մասին:
Կրակի դադարեցմանը զուգահեռ Բաքուն հայտարարում էր, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է, ինչից կարճ ժամանակ անց սկսեց Ղարաբաղի հայաթափումը:
Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներն այդ օրերին գերեվարվեցին, ու 2.5 տարի է՝ Ադրբեջանը ոչ միայն ազատ չի արձակում նրանց, այլև դատապարտել է ծանրագույն հոդվածներով՝ ընդհուպ ցմահ ազատազրկման:
«Մինչև վերջին զինվորը նահատակվել է». Գեղամ Մանուկյան
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն այդ օրերի մարտական գործողությունների մասնակիցներին հերոսներ է համարում:
Պատգամավորն ասաց՝ Պաշտպանության նախարարությունից հարցմամբ 2 տարի առաջ ստացել է Պաշտպանության բանակի սպանված զինծառայողների անունները, ու ինչ հանգամանքներում են նրանք զոհվել, հավելեց՝ գաղտնի գրությամբ է պատասխանը ստացել, շատ մանրամասներ չհայտնեց:
«Ամեն դրվագ հերոսականություն է, մարտական բազմաթիվ հենակետեր ուղղակի մինչև վերջին զինվորը նահատակվել է: Եթե փախնելու մասին է, թող Նիկոլ Փաշինյանը զանգի Սուրեն Պապիկյանին ու հետաքրքրվի Սուրեն Պապիկյանի խորհրդական Կամո Վարդանյանից՝ փախե՞լ են, թե՞ չէ։ Թող հարցնեն արցախցի գեներալներից, զինվորականներից, որ այսօր ծառայություն են իրականացնում, որ եղել են մինչև վերջին օրը Պաշտպանության բանակի զինծառայողներ՝ փախե՞լ են, թե՞ չէ»։
«Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով». Փաշինյան
Այսօրվա ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասում էր՝ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել. «Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Այդ ամեն ինչը մի բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ՝ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով»:
Իսկ նախքան Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ամիսներ շարունակ հենց Փաշինյանն էր պնդում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունն է նախապատրաստում: Սեպտեմբերյան դեպքերից հետո տեղի ունեցածը էթնիկ զտում որակող վարչապետն այսօր այդ նույն ձևակերպման օգտագործումը վնասակար համարեց՝ պատճառաբանելով, թե Ադրբեջանից էլ նույն ձևով կարձագանքեն: Բայց պաշտոնական Երևանի այս զգուշավորությունը չի խանգարում Բաքվին պարբերաբար այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» մասին բարձրաձայնել, իսկ 2 տարի առաջ բանը հասավ նրան, որ Ալիևը Հայաստանից ճանաչում պահանջեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձան է բացել
«Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում, իրենք էլ, ասացի, հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն, հայելային, ամեն ինչը հայելային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված՝ պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների», - շեշտեց Փաշինյանը:
«Հայաստանն ունի հանձնարարություն Ալիևից, որ պետք է էթնիկ զտում չասեք». Մարուքյան
«Մինչև իմ հրաժարականի օրը Հայաստանի պետության դիրքորոշումն է եղել, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում», - պնդում է մինչև 2024-ի մարտ ամիսը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Փաշինյանի ու նրա թիմի հետ աշխատած, հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցած Էդմոն Մարուքյանը:
Ի՞նչ փոխվեց, որ Հայաստանի ղեկավարն այդ պնդումն այլևս չի անում, Մարուքյանն ասում է. «Հայաստանն ունի հանձնարարություն Ադրբեջանից՝ Ալիևից, որ պետք է էթնիկ զտում չասեք, մաքրեք մեր վրայից այս վերքերը, արդարացնեք մեր գործողությունները, որպեսզի իրենք միջազգային քրեական կամ այլ տեսակի, անգամ ապագայում պատասխանատվություն չկրեն»:
Քննչական կոմիտեում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հոդվածով գործեր էին քննվում: Այսօր փորձեցինք ճշտել՝ ի՞նչ փուլում են, արդյո՞ք քննվում են, թե՞ կարճվել են: Քննչական կոմիտեից երկու հարցն էլ առանց մեկնաբանության թողեցին: