Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձան է այսօր բացել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մինչ այդ Իլհամ Ալիևը նաև գրառում էր արել X-ի իր էջում:
Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունն էլ առավոտից հաղորդագրություններ է տարածում «ցեղասպանության զոհերին հիշատակի տուրք մատուցած, հուշարձան այցելած վարչապետի, խորհրդարանի ղեկավարների, դատախազների ու այլ պաշտոնյաների մասին։
«Այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ գործընթացում բոլոր նախաձեռնությունները և առաջնորդությունը եկել են Ադրբեջանից։ Միաժամանակ, չենք մոռանում մեր պատմությունը», - ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հայտարարություններ են տարածել նաև Թուրքիայի պաշտոնյաները։ «Մենք երբեք չենք մոռանա այս անմարդկային կոտորածը, որի ցավը միշտ կզգանք մեր սրտերում», - նշել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին», - ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը, սոցիալական ցանցերում ցավակցական հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հեշթեգով։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Նշվում է, որ բոլոր այդ միջոցառումները իրականացվել են Ադրբեջանի կառավարության, մասնավորապես, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ։ Հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը․ «Այս ողբերգական օրը մենք հարգում ենք Խոջալուի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև»։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե 34 տարի առաջ՝ 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական հարձակման հետևանքով Խոջալուն հողին է հավասարեցվել, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ զոհվել են, մի քանի տասնյակը անհետ կորել։ Հայկական կողմը արյունահեղության փաստը չի հերքել, միաժամանակ պնդել է, թե պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը մարդասիրական միջանցք է տրամադրվել, սակայն ադրբեջանական որոշ ուժեր կրակ են բացել քաղաքից դուրս եկողների ուղղությամբ՝ այդ ժամանակ նախագահ Մութալիբովի դիրքերը սասանելու համար։
2005-ին ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիների հետ զրույցից հետո գրել էր՝ «Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերը բարձրախոսներով նախազգուշացնում էին ծրագրվող գործողության մասին և քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ ավանից՝ շրջափակումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով՝ մարդասիրական միջանցքով: Միջանցք իրականում եղել է, այլապես ամբողջությամբ շրջափակված և արտաքին աշխարհից կտրված խոջալուցիները չէին կարող օղակը ճեղքել և շրջափակումից դուրս գալ: Խոջալուցիների մի մասը, չգիտես ինչու, ուղղվել է դեպի Նախիջևանիկ, որը հայկական վերահսկողության տակ էր: Թվում է, թե Ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թե խոջալուցիների փրկությանը, այլ՝ մեծ արյան՝ Մութալիբովին գահընկեց անելու ճանապարհին»։