Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի նոր գործի ու նոր ձերբակալությունների մասին հայտնեց, այս անգամ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում:
Վաղ առավոտյան էին իրավապահները մի քանի հասցեներում ու «Ուժեղ Հայաստանի» Մարալիկի գրասենյակում խուզարկություններ արել: Հակակոռուպցիոնից փոխանցեցին, որ 5 ձերբակալված կա:
Մարալիկի գրասենյակն այսօր «Ազատության» այցելության պահին փակ էր, իսկ մեզ հանդիպած մարալիկցիները պնդում էին, թե չգիտեն՝ ում են ձերբակալել: Ենթադրվում է, որ գրասենյակի պատասխանատուն՝ Թաթուլ Բուլոյանը ձերբակալվածներից մեկն է: Նա հարևան Քարաբերդ համայնքից է: Թաթուլ անունը հնչում է Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ:
Իրավապահները պնդում են, թե «Ուժեղ Հայաստան»-ի տարածքային պատասխանատուն իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել, գումարն էլ որպես աշխատավարձ ներկայացրել՝ մարդկանց տարածքային գրասենյակներում պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելով: Նշվում է նաև, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը քրեական հեղինակության անունից սպառնալիքներ է տվել, եթե մարդիկ իրենց պահանջին չենթարկվեն:
Երեկ հրավիրած ասուլիսում «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը հերքել էր ընտրակաշառք բաժանելու մասին իրավապահների պնդումները. «Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք: Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն: Դրանք ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որն արտացոլվում է այդպիսի տեսքով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել ԿարապետյանՀակակոռուպցիոն կոմիտեում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ու աջակիցների նկատմամբ փետրվարից մինչև այսօր 7 առանձին քրեական վարույթ է հարուցվել՝ ընտրակաշառք բաժանելու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցությունը հարկադրելու հոդվածներով: Պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը իշխանություններին է մեղադրում, թե իրենց աջակցիներին ու կուսակիցներին ձերբակալելով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ նրա՝ արդեն 200-ից ավելի մարդ է բերման ենթարկվել:
«Ընտրական ծիրում անընդհատ մեր համակրներին, աջակիցներին, գործընկերներին նման կերպով բերման են ենթարկում, արդեն ավելի քան 200 բերման ենթարկված մարդու մասին է խոսքը: Մեր նախընտրական ցուցակից չորս թեկնածուի նկատմամբ խափանման միջոց է կիրառված: Սա նախընտրական գործընթացի անկախության, հավասարության, օբյեկտիվության, արդարության բոլոր հիմնարար սկզբունքների խախտում է», - ասաց Մելոյանը:
Իրավաբան Գոհար Մելոյանը նաև ընդգծում է, որ ամեն քրեական վարույթի հետ հրապարակվող գաղտնալսումները համատարած խախտում են անմեղության կանխավարկածը. «Ո՞վ է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստի են, ո՞վ է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելի մարդիկ են, ո՞վ է հերքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները, ո՞ւր է մնացել անմեղության կանխավարկածը»:
Իշխանությունները հերքում են, թե իրավապահների վրա ընդդիմադիրների դեմ հարուցվող այս գործերով որևէ ազդեցություն ունեն, միաժամանակ ՔՊ-ականները իրենց էջերում հաճախ տարածում են գաղտնալսումները՝ ընդդիմությանը մեղադրելով ընտրակեղծիքների մեջ:
Այս գործերը դատարան դեռ չեն հասել, այսինքն վճիռներ դեռ չկան, իսկ մեղադրյալները հերքում են, թե օրենք են խախտել: