«Ուրիշ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքը և երկու ելքը չլինի Ադրբեջանից». վարչապետը՝ Բայրամովի հայտարարության մասին

«Ուրիշ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքը և երկու ելքը չլինի Ադրբեջանից, չկա ուրիշ տարբերակ: TRIPP-ը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է, և դրա մասին տասնյակ անգամ ասել ենք», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի արած հայտարարությանը:

Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում TRIPP-ի վերաբերյալ մասնավորապես հայտարարել է. - «Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանից»:

«Ո՞վ է որոշում կայացնելու կոնկրետ մուտքի ու ելքի պահին», - TRIPP-ի վերաբերյալ հարցը կոնկրետացրեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

«Հայաստանի Հանրապետությունը, կոնկրետ ասում եմ», - պնդեց վարչապետ Փաշինյանը:

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Սահմանադրական դատարանն արդեն որոշեց, որ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն ծրագրում է 12 մլրդ եվրո ներդնել Միջին միջանցքի զարգացման գործում. ֆոն դեր ԼայենՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը «Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև». Բայրամովը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին