ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խնդրանքով Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկի նավահանգիստ ուղևորվող նավթատարերին հասցվող հարվածները, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, տեղեկացնում է Financial Times-ը։
Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնն իր մտահոգությունն է փոխանցել Կիևին, որ Ուկրաինան ապակայունացնում է նավթի շուկաները և վնաս պատճառում ամերիկյան ընկերություններին՝ թիրախավորելով նավթատարերը, որոնք Ղազախստանից խողովակաշարի միջոցով Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) սևծովյան տերմինալ հասնող հում նավթն են արտահանում։
Ուկրաինան համաձայնել է չթիրախավորել CPC-ի ենթակառուցվածքները և ՌԴ-ին չպատկանող նավերը, եթե դրանց դեմ ուկրաինական պատժամիջոցներ սահմանված չեն և չեն փոխադրում ռուսական նավթ կամ բեռ:
Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Վենսի աշխատակազմն առայժմ չեն պատասխանել FT-ի հրապարակման վերաբերյալ Reuters-ի հարցմանը։
Ուկրաինական ուժերը ակտիվացրել են հարվածները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների և այլ օբյեկտների ուղղությամբ, որոնց նպատակն, ըստ Կիևի, Ռուսաստանին՝ բանակը ֆինանսավորելու ռեսուրսներից զրկելն է:
Թենգիզից՝ ՌԴ-ի սևծովյան ափ
1 510 կիլոմետր երկարությամբ CPC-ի խողովակաշարն աշխարհում ամենաերկարներից մեկն է։ Դրա կառուցումը սկսվել է 1999-ին, իսկ Chevron-ը, Exxon-ը և ամերիկյան այլ ընկերություններ ապահովել են շուրջ 2,6 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի ներդրումների գրեթե կեսը։ Խողովակաշարը ձգվում է Ղազախստանի խոշոր Թենգիզ նավթահանքից մինչև ՌԴ-ի սևծովյան ափ՝ Նովոռոսիյսկ, որտեղ արտահանվում է ղազախական նավթի մեծ մասը։
CPC-ի խոշորագույն բաժնետերերն են Ռուսաստանի «Տրանսնեֆտ»-ը, Ղազախստանի «Կազմունայգազ»-ը և Chevron-ը։
ԱՄՆ-ում Կիևի արդեն պաշտոնաթող դեսպան Օլգա Ստեֆանիշինան դեռ փետրվարին հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունը պաշտոնական գրություն է ստացել ԱՄՆ Պետդեպարտամենտից այն բանից հետո, երբ Ուկրաինայի հարձակումները ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստին ազդել են Ղազախստանում ԱՄՆ շահերի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն զգուշացրել է Կիևին՝ ՌԴ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելիս «չվնասել ամերիկյան շահերը». դեսպանՀուլիսին էլ The Wall Street Journal-ը գրեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը զգուշացրել է Ուկրաինային՝ Ռուսաստանին չպատկանող նավթատարերի վրա հարձակումներն անընդունելի են՝ Chevron կորպորացիայի ղեկավարի դիմումից հետո, որի շահերը, մասնավորապես Ղազախստանում, տուժել են Ուկրաինայի վերջին հարվածներից։