Ուիթքոֆը արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում տեղի ունեցած հանդիպումները

Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆը սոցցանցում գրել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:

«Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերն ու աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորման և համաշխարհային անվտանգության վերականգնման գործում», - նշել է նա:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Կիևը և Վաշինգտոնը քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, Ուկրաինայի դաշնակիցների և ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։ «Հատուկ ուշադրություն է դարձվել հաջորդ քայլերի ժամանակացույցի և հաջորդականության քննարկմանը»,- սոցցանցում գրել է ամերիկացի պաշտոնյան:

Նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև Կիևի բանագնաց Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ Ուկրաինան շարունակում է լիովին հանձնառու լինել արդար և կայուն խաղաղության հասնելուն։

«Քննարկումները կառուցողական են անցնում»,- իր հերթին Մայամիում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

Մայամիի հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս քննարկել են պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին բրիտանական UnHerd կայքին տված հարցազրույցում ասել է, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վստահ չէ, որ մոտ ապագայում կհաջողվի խաղաղ կարգավորման հասնել։

«Կարծում եմ՝ մենք առաջընթացի ենք հասել այն իմաստով, որ բոլոր հարցերը բաց են քննարկման համար [...] Վերջին շաբաթներին տեսանք, որ ուկրաինացիներն ու ռուսները իրական պատկերացում ունեն, թե ինչը ենթակա չէ քննարկման և ինչն է լիովին քննարկելի», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտներից մեկը տարածքների հարցն է։ Ռուսաստանը, ըստ նրա, ցանկանում է ամբողջ Դոնեցկը, իսկ Ուկրաինան համարում է, որ դա անվտանգային լուրջ խնդիր է. «Պետք է ասեմ, որ սա տարածքային սարսափելի զիջում է»,- նշել է Վենսը:

«Կարծում եմ՝ առաջարկների մեծ մասը մեզ համար կտրականապես անընդունելի կլինի». Ուշակով

Ու մինչ ամերիկացի, ուկրաինացի և ռուս պատվիրակները հայտարարում են կառուցողական հանդիպումների մասին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Մոսկվային, թերևս, չի գոհացնի խաղաղության պլանի վերջին տարբերակը, որը մշակել են Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները: Ըստ նրա՝ Դմիտրիևը այսօր կվերադառնա և կզեկուցի նախագահին, թե ինչ է քննարկել Մայամիում:

«Կարծում եմ՝ առաջարկների մեծ մասը մեզ համար կտրականապես անընդունելի կլինի, քանզի մենք հետևելու ենք այն ամենին, ինչի մասին համաձայնել ենք Անքորիջում և ամերիկացի ներկայացուցիչների հետ այլ հանդիպումների ժամանակ», - ասել է Ուշակովը:

Զելենսկի. ռուսական զորքը վերջին օրերին սաստկացրել է հարվածներն Օդեսային

Մինչ այդ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ռուսական զորքը վերջերս սաստկացրել է հարվածներն Օդեսային՝ նպատակ ունենալով Ուկրայինային զրկել ծովային լոգիստիկային հասանելիությունից:

«Աշխարհը պետք է բարձրաձայնի դրա մասին։ Բոլորը պետք է տեսնեն, որ առանց Ռուսաստանի վրա ճնշման նրանք իրականում մտադիր չեն վերջ դնել իրենց ագրեսիային։ Ճնշումը պետք է ուժեղացվի», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:

Այսօր էլ Զելենսկին ասել է, որ մինչև տարվա վերջ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանում և Չինաստանում գործող այն սուբյեկտների նկատմամբ, որոնք աշխատում են ռուսական ռազմական արդյունաբերության հետ: Ուկրաինան նաև աշխատում է ԵՄ-ի հետ՝ պատժամիջոցների 20-րդ փաթեթի վրա:

Reuters-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության զեկույցներին ծանոթ վեց աղբյուրի, հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գրավել Ուկրաինան և Եվրոպայի այլ հատվածներ, որոնք ժամանակին Խորհրդային Միության մաս էին կազմում, սակայն հիմա ՆԱՏՕ-ի անդամ են: Կրեմլի խոսնակը հերքել է, թե նախագահը նման մտադրություններ ունի, Պեսկովի խոսքով. - «Նույնիսկ եթե այդ հաղորդումները ճիշտ են, սա դասվում է այն իրավիճակների շարքին, երբ հետախուզությունը սխալ դատողություններ, գնահատականներ և եզրակացություններ է անում: Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը

Դիվանագիտական ճակատում այս զարգացումների ֆոնին Մոսկվայում առավոտյան պայթեցվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը: Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է: Ռուսական կողմի վարկածներից մեկով՝ հնարավոր է, որ պայթյունը կազմակերպած լինեն ուկրաինական հատուկ ծառայությունները: Կիևը դեռ չի մեկնաբանել այս պնդումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը

Մեկ տարի առաջ էլ ռումբի պայթեցման միջոցով Մոսկվայում սպանվել էին Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ու նրա օգնականը: Այս սպանությունը ևս կապվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների հետ: