Որքան մոտենում է քվեարկության օրը, Ռուսաստանն ավելի ու ավելի է սաստկացնում սպառնալիքները. փոխվարչապետ Օվերչուկն այսօր արդեն ուղիղ ընդգծել է կապը ընտրությունների հետ՝ զգուշացնելով, որ ըստ դրանց արդյունքների էլ Մոսկվան որոշում կկայացնի.
«Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւ պետք է աջակցենք նման երկրի։ Մի՞թե մենք պետք է փող տանք նրանց, ովքեր վաղը հնարավոր է պատերազմեն մեր դեմ», - հայտարարել է Օվերչուկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». ՕվերչուկՌուս բարձրաստիճան պաշտոնյան այսօր կրկին հիշեցրել է գազի հնարավոր թանկացման վերաբերյալ Երևան ուղարկված նամակը՝ զգուշացնելով, որ Հայաստանը ստիպված կլինի ստանալ նույն ռուսական գազը, բայց արդեն մեծ մաքսատուրքերով ու միջնորդավճարներով.
«Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Մենք դա չենք ուզում», - նշել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։
Ռուսաստանի այս հայտարարություններից ժամեր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ դիմում էր Մոսկվայի գործընկերներին.
«Բարեկամական խորհուրդ տալ, որ էն գործելաոճը, որ իրենք որդեգրել են, չի աշխատելու Հայաստանի Հանրապետությունում և հակառակ ազդեցություն է ունենալու։ Կոչ եմ անում իրենց՝ չկրկնել նույն սխալները, որոնք իրենք արել են անցյալում։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի գնում սրացման, էդ ցանկությունը չունի, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը իր հարցերը լուծելու է և կլուծի տնտեսական առումով, եթե այս պատժամիջոցները շարունակվեն»։
Ավելի հեռուն գնալով՝ խորհրդարանի խոսնակը պնդում էր, թե այսպես Ռուսաստանի իշխանություններն էլ ավելի վատ են հայ ժողովրդին տրամադրում իրենց դեմ, իսկ դրանից Հայաստանի իշխանությունները չեն տուժելու.
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից, խաղաղապահների գործողություններից և աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, ռուսական հեռուստաալիքների լկտիությունից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրենք վանում են իրենցից։ Եվ այս քայլերը վանելու են ոչ թե հայկական իշխանությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը, այլ՝ վանելու են այդ բաներն անողներից։ Եթե իրենք կարծում են, որ ելակ և մնացածը սահմանափակելով՝ իրենք հայաստանյան իշխանություններին վնաս են տալու, դա այդպես չէ, իրենք վնաս են տալու միայն հայ-ռուսական հարաբերություններին», - հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ-ն առաջիկայում հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նամակինՄինչ ռուսական կողմը ամենօրյա ռեժիմով պահանջում է, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական դաշինքը լքելու հարցով, վարչապետ Փաշինյանն օրերս ուղիղ հայտարարեց՝ առաջիկայում նման օրակարգ չունի.
«Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է», - հայտարարել էր վարչապետը:
Փոխարենը հիմա հարցը նախընտրական պայքարի գլխավոր թեման է. Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր է վերահաս աղետ է գուժում՝ Երևանին մեղադրելով, որ Մոսկվան անցել է ճնշումների.
«Հիմա ճնշում որ կողմից, ինչ է նախորդել դրան, երբ Հայաստանի պաշտոնյան գնում է Բրյուսել, խնդրում է Բրյուսելին իրեն պաշտպանել հնարավոր հիբրիդային պատերազմից: Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ՝ Եվրամիություն- Ռուսաստան հակասությունների բախման կետրոնում հայտնվելու համար»,- հայտարարում է երկրորդ նախագահը:
Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար երեկ նաև «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր Նիկոլ Փաշինյանին մեղադրում.
«Էսօր էնքան խոսեցին՝ խաղաղություն-խաղաղություն, որ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեցին: Սրա հետևանքը՝ սնանկացում, աղքատացում, վերացում՝ գյուղատնտեսության և արտադրության: Եթե մարդը չի կարողանում վաճառի, ինչ պետք է անի: 10 տարում չեն կարող ստեղծել այլընտրանք, բացառված է»,- ասել է Ծառուկյանը:
Ըստ հարցումների՝ ընդդիմադիր առաջատար ուժը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը չի ընդունում մեղադրանքը, թե ռուսները տնտեսական պատժամիջոցներով շանտաժ են անում հայաստանցի ընտրողներին, որ Կարապետյանին ձայն տան.
«Իսկ կարո՞ղ է դա էն մարդու պատճառով է՝ Ռուսաստանի ոխերիմ թշնամու, ում հետ իրենք արդեն հարյուր հազարավոր զոհեր են տվել, որոշում է, որ իրեն պետք է հրավիրի Հայաստան, նա էլ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանից, Զելենսկիին խի ա հրավիրել Հայաստան»,- այս մասին էլ նշում է «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը:
Քարոզարշավի մեկնարկին ընդունելով վարչապետ Փաշինյանին նախագահ Պուտինը ցանկություն էր հայտնել, որ ռուսամետ գործիչները կարողանային մասնակցել ընտրություններին՝ ակնարկելով տնային կալանքի մեջ գտնվող Կարապետյանին:Ռուսաստանը մի քանի օր է խորհրդակցությունների է կանչել իր դեսպանին, նրա՝ Երևան վերադառնալու մասին դեռ չի հաղորդվել: