Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի, կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ժամկետներից այդպես էլ չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին: Երեկ՝ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ուղերձ չհղեց: Անցած տարի, օրինակ, չնայած առավելապես փաստաթղթի՝ իր կարծիքով խնդրահարույց ձևակերկումներից էր խոսել, բայց հղել էր:
«Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»,- հայտարարեց Փաշինյանը:
Ադրբեջանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հռչակագրի ձևակերպումները տարածքային պահանջ է համարում, դրանք Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:
Մինչ ընդդիմությունը պնդում է, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ադրբեջանական պահանջներն է կատարում, վարչապետը հայտարարում է՝ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը «մաքուր» հայաստանյան է: Նաև մայր օրենքը փոխելու համար էր ՔՊ-ը ընտրություններում ձգտում ունենալ սահմանադրական մեծամասնություն:
Չնայած չի ստացել ու նախագիծը հանրաքվեի հասցնելու հեռանկարը բարդացել է, բայց հայտարարում է. «ՀՀ քաղաքացիները քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի իր լեգիտիմ և ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրություն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ ու ապրելու կանոններ»:
ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ, բայց նոր Սահմանադրության օրակարգից էլ չհրաժարվեց: Իսկ թե ինչպե՞ս է իշխանությունն առանց խորհրդարանում դրա համար անհրաժեշտ ձայներն ունենալու իր հեղինակած նոր Սահմանադրության նախագիծը դնելու հանրաքվեի, մարտավարությունը ամիսներ շարունակ չեն բացահայտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հենց Անկախության հռչակագիրը չլինի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. ԱլիևԱնկլավ-էքսկլավների մասին
Անկլավ-էքսկլավների թեմային ընդդիմադիրներն անդրադարձան: Անցած շաբաթ խոսելով Տիգրանաշենի մասին՝ Փաշինյանը դրա ադրբեջանական Քյարքի անունն էր օգտագործել: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Արարատի մարզի բնակավայր է: Վարչապետը, սակայն, շարունակեց Քյարքի ասել, չնայած վստահեցնում էր, թե դրա վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն Բաքվի հետ չկա:
«Հայաստանի 29 743 քառակուսի կմ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասին ասել եմ, - հայտարարեց Փաշինյանը և նշեց, - Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք՝ Տիգրանաշեն»:
Հայ-ադրբեջանական մասնակի սահմանազատումը անակնկալ սկսեց ու 2 տարուց ավելի է՝ երկու երկրների մոտ 1000 կիլոմետրանոց հատվածից միայն 12 կմ-ն է սահմանազատվել՝ Տավուշ-Ղազախ հատվածում: Այդ ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրեց 90-ականների պատերազմից հետո Հայաստանին անցած նախկինում ադրբեջանական 4 գյուղեր:
Դեռ մի քանի ամիս առաջ Փաշինյանը հստակ դիրքորոշում չէր հայտնել՝ անկլավների փոխանակմա՞նն է կողմ, թե՞ եղած իրավիճակը պահպանելուն, ասել էր՝ պատճառաբանելով, թե իրավական հիմքերը դեռ չի ուսումնասիրել:
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը հարցրեց է. «Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթուղթ Ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանի՞ն տվեցին, որ դու անթաքույց հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու, չհաշված մյուս անկլավների անուններ եք տալիս, հանձնելու մասին»:
«Դա այն քարտեզն է, որով մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որովհետև գնալ ձեր ասած տրամաբանությամբ, նշանակում է հրաժարվել Արծվաշենից, Ջերմուկի էն տարածքներից, որոնց մասին մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը», - նշեց Փաշինյանը:
90-ականներից ու նաև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի իշխանության հաշվարկով Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կմ տարածքն այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ:
«Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանն էլ հարց ուղղեց վարչապետին. «Ե՞րբ են իրենք (ադրբեջանական կողմը) ետ վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում: Երկու տարի է՝ սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց առաջին փուլը ավարտվել է նրանով, որ մենակ մենք ենք տվել մի փոքր բացառություններով: Ե՞րբ են ետ տալու մեր հողերը, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի սա»:
Փաշինյանը կոնկրետ չպատասխանեց, փոխարենը «Ուժեղ Հայաստան»-ին կրկին պատերազմի կուսակցություն անվանեց. «Մեր հողերը ե՞րբ են տալու, սահմանազատման արդյունքում»:
«Սիրելի տիգրանաշենցիներ, այս ընտրություններում ավելի շատ ձայն եք տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քան «Ուժեղ Հայաստան»-ին, այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը: Այսօր վտանգ կա, որ ձեր տները հանձնվելու են Ադրբեջանին, մենք պայքարելու ենք դրա համար», - ասաց Նարեկ Կարապետյանը:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք»: