Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարգացնել խոսույթը, թե անկալվների հարցը կապված է Հայաստանի օկուպացված տարածքների հետ:
Կառավարության ղեկավարն արդեն երկրորդ անգամ է զուգահեռներ անցկացնում 2021-2022 թվականներին Ադրբեջանի գրաված մոտ 150 քառակուսի կիլոմետրի և 90-ականների տարածքների միջև, պնդելով՝ մի հարցը պետք է լուծվի մյուսին զուգահեռ՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի:
Վարչապետն այսօր օգտագործեց Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը. - «Հիմա էդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի: Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք: Երկրորդը՝ Արծվաշենը Հայաստանի տարածքն է, և էսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է, այսինքն՝ բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում, և այլն, և էդպես շարունակ»:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այդ հարցերը ռազմական լուծում չունեն, բայց չի էլ հստակեցնում՝ արդյոք Երևանը հակված է սահմանագծմամբ տարածքների փոխանակությա՞նը, թե՞ ամեն ինչ նույն կերպ թողնելուն:
«Լուծել էնպես, որ մարդկանց համար և երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում՝ այդ տարածքում ապրող բնակիչների համար: Եվ մենք կոնկրետ էդ թեման, որ այ եկեք սենց անենք, էս սենց լինի, էն նենց, էդ թեման չի քննարկվել երբեք, հրապարակային էդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան՝ բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարեց վարչապետը:
Իսկ հրապարակային տարբեր տարիների տարբեր բաներ են ասվել, օրինակ՝ դեռ 2021-ին Փաշինյանը կասկած էր հայտնում, թե ընդհանրապես իրավական հիմքեր կան, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնի: Հետագայում վարչապետը չի բացառել անկլավների փոխանակության սցենարը, այսօր էլ ասաց՝ դա էլ է տարբերակ:
«Ճամբարակում կամ նույնիսկ Երևանում հանդիպում եմ արծվաշենցիների: Նրանք մի մասը ասում են, որ «գիտե՞ք ինչ, մեր գյուղը թող վերադառնա, մենք գնանք մեր գյուղում ապրենք», մյուս մասը ասում են՝ «դե Ճամբարակում արդեն տնավորվել, տեղավորվել ենք, թող համապատասխան տարածքների փոխանակում լինի»: Մի բան հստակ է՝ մենք էսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել կա՛մ էս կերպ, կա՛մ էն կերպ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական և հայկական անկլավները, ըստ տարբեր հաշվարկների, գրեթե նույն տարածքի են. Արծվաշենը մոտավորապես 38-40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական երեք անկլավները միասին՝ շուրջ 44 քառակուսի կիլոմետր։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այլ հարց է բարձրացնում. - «Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն: Վերջիվերջո, հասկանում եք, չէ՞, եթե ադրբեջանցիները գան և Տիգրանաշենում ռազմական բազա դնեն, ինչ է տեղի ունենալու՝ Հայաստանը մեջտեղից կիսվելու է: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»:
Մոտ մեկ ամիս առաջ անկլավներին անդրադարձել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը. չհիշատակելով հայկական գյուղը՝ Արծվաշենը, Ջեյհուն Բայրամովը միայն ասել էր, որ ադրբեջանական գյուղերի հարցը կլուծվի դելիմիտացիայի շրջանակում:
«Եվ եթե Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է՝ տանք պրծնենք, Ադրբեջանի հետ հարցերս լուծենք, իրենց բարեհոգության և բարեգթության վրա հույսներս դնենք, մենք էլ էստեղ ֆեստիվառներ կազմակերպենք, ինքը դա էր անում, մենք ասում ենք, որ ոչ, չի եղել աշխարհում մի դեպք, երբ դիմացինիդ բարեգթությունը երաշխավորում է քո խաղաղությունը», - նշեց Արթուր Խաչատրյանը:
Երկու տարի առաջ Տավուշում Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձից հետո սահմանագծումը կանգ է առել։ Միայն կա պայմանավորվածություն այն շարունակել հյուսիսից։ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ 1000 կմ-անոց ընդհանուր սահման ունեն: