Եկեղեցու դեմ դատական հայցերն ավելանում են։ Այժմ էլ Մայր Աթոռին դատի է տվել Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամ քահանան։ Նա պահանջում է, որ դատարանն անվավեր ճանաչի իրեն կարգալույծ հռչակելու Վեհափառի որոշումը և վերականգնի իրեն Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։
Ստեփան Ասատրյանը ամիսներ ի վեր կարգալուծության որոշումը չի ընդունում և Հովհաննավանքից էլ չի հեռանում, շարունակում է ծեսեր անել: Հիմնավորումն այն է, որ կարգալույծ եղած կաթողիկոսը իրեն չի կարող կարգալույծ անել:
«Ազատության» հարցին, թե եթե իրեն կարգալույծ չի համարում, ինչո՞ւ է դատարան դիմել, պատասխանեց. «Իմ արարքն իրենց արարքի պատասխանն է ուղղակի, նույն օրենքով եթե ես հոգևորական չեմ և իրավունք չունեմ այնտեղ լինելու, ես կապացուցեմ, որ ես հոգևորական եմ և իրավունքն ունեմ այնտեղ գտնվելու, և որևէ մեկը, մանավանդ սրբապղծության մեջ մեղադրվող և/կամ ընտանիք ունեցող, եկեղեցական կանոնները խախտած մեկն իրավունք չունի ինձ նման հոգևորականի եկեղեցուց հեռացնելու: Դա ոչ մեկն իրեն չի հուշել, առավել ևս Սուրբ հոգին»:
Եկեղեցին նախորդ ամիս էր դատի տվել նախկին քահանային՝ պահանջելով, որ նա հեռանա Մայր Աթոռի սեփականությունը հանդիսացող Հովհաննավանքից ու այն բնակարանից, որտեղ ապրում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում է Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում տոնում են կաթողիկոսի գահակալության տարեդարձըԱյս պատմության մեջ աննախադեպը, սակայն, այն է, որ այժմ հայաստանյան դատարանները պիտի սկսեն զբաղվել քահանայական կարգալուծության հարցերով։ Միայն տեր Արամը չէ՝ կարգալույծ հռչակված տեր Թադեն էլ է դատարան դիմել նույն պահանջով՝ իրեն քահանայական կարգից զրկելու վեհափառի որոշումը պիտի անվավեր ճանաչվի։
«Որպեսզի այդ բախումներից խուսափենք, մենք նաև օրենքի օգնությանն ենք դիմում, մեր խնդիրը բախումներ ստեղծելու մեջ չէ, այլ մենք փորձում ենք ավելի հաշտ ճանապարհով քայլել առաջ, բայց նաև գիտակցում ենք, որ մեր և՛ եկեղեցական, և՛ մյուս օրենքները, իրավունքները խախտված են», - ասաց Արամայիս Թախմազյանը՝ նախկին տեր Թադե քահանան:
Կարգալույծ արված քահանան նշեց՝ կաթողիկոսի վճռի հետ համաձայն չէ, դատարան դիմելով բողոքի ձայն է բարձրացնում. «Մեր կարգալուծության հիմքը չկա, փաստացի քմահաճույք է, և մենք ասում ենք, որ եկեղեցում չպիտի լինի քմահաճույք»:
Նա նշեց՝ դատարանն ինչ որոշի, համաձայն կլինի։ Տեր Արամ ու Տեր Թադե երկու նախկին քահանաներն էլ կարգալույծ էին հռչակվել, ըստ Մայր Աթոռի, հակաեկեղեցական գործողությունների, պատարագներում Վեհափառի անունը շրջանցելու համար։ Նախկին քահանաները կարծում են, որ կարգալուծությունը ընթացակարգային հարց է և կարող է դառնալ դատարանի քննարկման հարց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա ԹախմազյանըԱռաջինը կարգալույծ հռչակված հոգևորականներից Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր դատարան դիմել ու շատ արագ վերականգնվել պաշտոնում։ Այդ գործի շրջանակներում նույնիսկ մեղադրյալներ դարձան Մայր Աթոռի 6 եպիսկոպոս-արքեպիսկոպոսներ։ Նրանց փաստաբանները այդ պատմությունն արկածախնդրություն էին որակում, ասում՝ վեհափառի վճիռները չեն կարող դատարան հասնել, նա հոգևորականների հետ ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված։
Վեհափառի վճիռները դատարան հասցնելը Հայաստանում աննախադեպ է, բայց աշխարհը լի է այսպիսի պատմություններով։ Ստրասբուրգի դատարանում բազմաթիվ վճիռներ կան, ասում է իրավաբան Ռաֆայել Իշխանյանը։
«Եվրոպական դատարանը Միրոլյուբովի գործով վճռել էր, որ կրոնական համայնքի անդամները կոնվենցիայի իններորդ հոդվածի իրավունքով չունեն ամրագրված անհամաձայնություն հայտնելու իրավունք համայնքին, կրոնական կազմակերպությանը։ Իրենց տարբերակը անհամաձայնության դեպքում դուրս գալն է։ Ավելին, մեկ ուրիշ գործով՝ Ռումինիայի համայնքը ընդդեմ Ռումինիայի գործով, ավելին էր գնացել։ Կրոնական կազմակերպությունների ճանաչել էր իրավունքը, որ եթե իրենց ներսում առաջանում է պառակտիչ շարժում, անհամաձայնություններ, իրենք իրենց կանոնների շահերից բխելով կարող են դրանց արձագանքել։ Եվ պետությունը իրավունք չունի այստեղ արբիտրի դեր խաղալ, այսինքն՝ կրոնական կազմակերպության և իր առանձին անհատների միջև հարցերի մեջ», - ասաց նա:
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահն այս օրերին ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հոգևորականների մասով։ Շեշտում է՝ հստակ է, որ դատարանը ներեկեղեցական հարցերին անդրադառնալը պետության գործը չի համարում։
Ըստ Իշխանյանի՝ դատարան դիմել կարող են, բայց դատավորը եթե Ստրասբուրգի նախադեպային որոշումները նայի, պիտի մերժի հայցերը։ Բայց հայաստանյան նախադեպը այլ է։ Առաջիկայում հետաքրքիր ու արտառոց դատավարություններ են սպասվում՝ եկեղեցու կանոնական դրույթները, քահանաների կարգապահական հարցերը դատարանների քննության թեմա են դառնում։