Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեսսենյան խաղաղության մրցանակաբաշխության շրջանակում ստացել է 25 000 եվրո մրցանակ, որն ըստ ընթացակարգի հանձնելու է պետությանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարությունից։
Հայաստանի հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերները պետք է հանձնվեն պետությանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ստացել էր «Զայեդ» մարդկային եղբայրության համար նախատեսված 500 000 դոլար մրցանակը։ Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմն այն ավանդ է դրել։ Կառավարությունից հայտնել են, որ Հեսսենյան մրցանակով նախատեսված 25 000 եվրոն ևս համանման ձևով ավանդ է դրվելու։
«Ակնկալվում է, որ համապատասխան որոշման նախագիծը հավանության կարժանանա կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում», - հայտնել են կառավարությունից։