Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանանալու է այս տարվա Հեսսենի խաղաղության մրցանակին։ Մրցանակը նրան շնորհվում է ժողովրդավարության զարգացման և Ադրբեջանի հետ երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Գերմանիայի Հեսսենի երկրամասի խորհրդարանը հայտարարել է, որ 2018 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Փաշինյանն առաջ է մղել ժողովրդավարական բարեփոխումները և Հայաստանը մոտեցրել Եվրամիությանը։
«Հայաստանը ավանդաբար սերտ դաշնակցային հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ, սակայն Փաշինյանի իշխանության օրոք ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Եվրոպա։ Եվրամիությանն անդամակցելու նպատակն ամրագրված է նաև Հայաստանի օրենսդրությամբ», - ասվում է հայտարարությունում։
Պաշտոնական կայէջքում նշված է, որ 51-ամյա նախկին լրագրողը մրցանակի է արժանանում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր քաղաքականության համար։ Հիշատակվում է, որ 2025 թվականի օգոստոսին երկու երկրները ԱՄՆ միջնորդությամբ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։
Մրցանակի հոգաբարձուների խորհրդի գնահատմամբ՝ Փաշինյանը ռազմական սրման փոխարեն նախընտրում է դիվանագիտությունն ու քաղաքական բանակցությունները։
Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանի խոսքով՝ մրցանակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի և հակամարտությունների կարգավորման ոչ բռնի ուղիների օգտին «տեսանելի ազդանշան» է։
Նիկոլ Փաշինյանը մրցանակը կստանա սեպտեմբերի 18-ին Վիսբադենում, Հեսսենի երկրամասի խորհրդարանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։
Հեսսենի խաղաղության մրցանակը կազմում է 25 հազար եվրո և շնորհվում է միջազգային փոխըմբռնման և խաղաղության գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց։
Անցած տարի մրցանակը ստացել էր կոլումբիացի բնապահպան ակտիվիստ Ջանի Սիլվան։ Մրցանակի նախկին դափնեկիրների թվում են Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացի մասնակից Ջոն Հյումը, ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա Սադակո Օգատան, ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Դալայ Լաման և այլ հայտնի անձինք։