Արդարադատության նախարարությունը հերքում է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն է: Միևնույն ժամանակ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ մշակվող տեքստի նախաբանից հանվել կամ հանվելու է հղումն Անկախության հռչակագրին:
«Իշխանություն» լրատվականն այսօր պնդեց, որ «իր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը»: Լրատվականի հրապարակած տեքստի նախաբանից բացակայում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպում պարունակող Անկախության հռչակագրին հղումը:
Ու չնայած 4 օր առաջ էր արդարադատության նախարարը հայտարարում, որ Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այսօր Արդարադատության նախարարությունը հերքել է հենց նախարարին՝ պնդելով, թե դեռ գրում-ջնջում են:
«Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել: Վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ՝ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ», - ասված է Արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանման մեջ:
«Ազատության» հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք Անկախության հռչակագրին հղումը նախարարության մշակած նախագծում հանվե՞լ է:
Հռչակագիրը Սահմանադրությունից հանել պահանջում է Ադրբեջանը՝ պնդելով, որ միայն դրանից հետո Հայաստանի հետ կստորագրի խաղաղության համաձայնագիրը:
Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հռչակագիրը կոնֆլիկտածին որակել, կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության նախագծում հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը, այնուհանդերձ, պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելո՞ւ, թե՞ պահելու են հղումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս». Մարուքյանը՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր՝ նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարցը ոչ թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է իր քվեարկությամբ որոշելու, այլ իշխող ուժը:
ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանն ասաց՝ առանձին բազմաթիվ դրույթներ իրենք քննարկվել են, բայց նախաբանը՝ ոչ:
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը կհրապարակվի իշխող ուժում քննարկումից հետո:
Նրա խոսքով՝ Սահմանադրության տեքստը դեռևս սևագիր է, աշխատանքային թուղթ, դրա համար չի հրապարակվում. «Անգամ նախագիծը հրապարակելու դեպքում դա վերջնական փաստաթուղթ չէ, այդ նախագիծը հրապարակվելու է, որպեսզի շատ լայն քննարկում տեղի ունենա, քաղաքացիները կարողանան առաջարկներ անել, նաև մասնագիտական հանրույթը, որը հանձնաժողովի կազմում չէ, ևս կարողանա քննարկել ու առաջարկներ անել: Եթե կլինի նման որոշում, որ պետք է լինի նախաբան, ինքս կնախաձեռնեմ ու կհամոզեմ իմ գործընկերներին ու հասարակությանը, թե ինչու է անիմաստ ու ավելորդ ունենալ Անկախության հռչակագրին հղումը: Մենք Հայաստանի Հանրապետության համար առաջ ենք քաշել գաղափարախոսություն, որը հակադրվում է Անկախության հռչակագրի կոնկրետ, օրինակ, այն դրույթին, որը վերամիավորում է ենթադրում Ղարաբաղի հետ, իսկ մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ընդունել ենք, ընդունել ենք նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
«Սահմանադրության նախաբանի հետ կապված հարցը խորհրդի շրջանակներում քննարկվելու է», - ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը նշեց՝ հստակ ժամկետ չեն ասել: Երբ քննարկումները տեղի ունենան, նա պնդելու է, որ նախաբանում պահպանվի Հռչակագրին հղումը. «Պետք է պահպանվի, քանի որ պետության ձևավորման, ստեղծման հիմնական դրույթներն են արտացոլված Անկախության հռչակագրում, իսկ վերամիավորման մասին որոշումն արդեն իսկ չեղյալ է հայտարարվել Լեռնային Ղարաբաղի ու Շահումյանի շրջանի ժողովրդի համատեղ հանրաքվեով, երբ հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դա ավելի բարձր իրավաբանական ուժ ունի»:
Մինչ անձամբ երկրի վարչապետը հռչակագիրը կոնֆլիկտածին է անվանում, նրա ընդդիմախոսները ճիշտ հակառակը՝ Բաքվի պահանջի կատարումն են խիստ վտանգավոր համարում:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը, մասնավորապես կարծում է՝ եթե նախագիծը հանրաքվեի դրվի առանց Անկախության հռչակագրի ու չընդունվի, Ալիևը պատերազմելու հիմք կունենա, քանի որ փաստացի իշխանությունն ընդունում է, որ փաստաթուղթը տարածքային պահանջ է պարունակում: