Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը հերքում է, թե հրապարակված Սահմանադրության նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն է

Լրացված

Արդարադատության նախարարությունը հերքում է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն է: Միևնույն ժամանակ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ իրենց մշակված տեքստից հանվել է հղումն Անկախության հռչակագրին:

«Դա այն տեքստը չէ, որը մենք պետք է հրապարակենք: Մենք նոր տեքստ ենք հրապարակելու, ոչ թե Սահմանադրության փոփոխությունների», - «Ազատության» հետ զրույցում պնդեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը:

«Իշխանություն» լրատվականն այսօր պնդեց, որ «իր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը»: Այս լրատվականի հրապարակած տեքստի նախաբանից բացակայում է Հայաստանի ու ԼՂ-ի միավորման մասին ձևակերպում պարունակող Անկախության հռչակագրին հղումը:

Մարիամ Մելքումյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք Անկախության հռչակագրին հղումը նախարարության մշակած նախագծում հանվե՞լ է: Ասաց՝ օրվա ընթացքում հանդես կգան հավելյալ պարզաբանմամբ:

Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանել պահանջում է Ադրբեջանը՝ պնդելով, որ միայն դրանից հետո Հայաստանի հետ կստորագրի խաղաղության համաձայնագիրը:

Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հռչակագիրը կոնֆլիկտածին որակել, կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը, այնուհանդերձ, պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելո՞ւ, թե՞ պահելու են հղումը:

Ավելի ուշ նախարարությունը պաշտոնական կայքէջում հրապարակեց պարզաբանում. «Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը»։



XS
SM
MD
LG