Նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա ու նստացույց է՝ վարչապետին հարց տալուց հետո արդեն կես ամիս կալանավորված և հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով:
Ինժեներ, «Բարձունք» կրթական շարժման անդամ Գեղամ Օհանյանն անժամկետ նստացույցով նախագահից պահանջում է միջնորդել գլխավոր դատախազին, որ ազատ արձակի արցախցի երիտասարդին:
«Օսիպյանը հայտնվել է բանտում զուտ նրա համար, որ ինքը Արցախից տեղահանված մարդ է, ով որ համարձակվել է՝ վարչապետի թեկնածուին հարց ուղղել»,- ասում է նստացույց հայտարարած Գեղամ Օհանյանը:
Գեղամ Օհանյանը
Նախագահն առայժմ հրապարակավ չի արձագանքել՝ պատրաստվո՞ւմ է միջնորդել, թե՝ ոչ. Վահագն Խաչատուրյանի գրասենյակից «Ազատությանը» հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:
Կալանավորված Օսիպյանը քարոզարշավին մոտեցել էր Փաշինյանին, հարցեր տվել ղարաբաղյան բանակցությունների մասին ու արժանացել վիրավորանքների ու բղավոցի: Վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել պատերազմում:
«Թալանչի, անասուններ...Դու խի ես կենդանի, այ տականք»,- բղավել էր վարչապետը:
Վարչապետի հետ չստացված երկխոսությունից հետո Օսիպյանը մի քանի ժամ անց հայտնվեց բանտում, նրան մեղադրանք առաջադրեցին բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով: Արդեն ճաղերից այն կողմ տղամարդը հրաժարվեց սննդից՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել իրեն «փախած» անվանելու ու արժանապատվությունը վիրավորելու համար: Փաշինյանը, սակայն, ինքն է ներողության սպասում:
Իրավապահները Օսիպյանին մեղադրում են վարչապետի հետ բարձր տոնով խոսելու, ինչպես նաև՝ դրանից ժամեր առաջ Փաշինյանի «բմբուլները քամուն տալու» մասին գրառման համար:
«Բմբուլները քամուն տալը, դա փոխաբերական իմաստ պարունակող արտահայտություն է, և դա չի կարող տեղի ունենալ, որովհետև Նիկոլ Փաշինյանը բմբուլներ չունի, որը կարանք քամուն տալ: Սա օգտագործում են էն ժամանակ, երբ որ ուզում են ինչ-որ մեկի հետ ինչ-որ կերպ մրցեն, ենթադրաբար, այս պարագայում՝ բանավեճի խոսքի միջոցով»,- նշում է Գեղամ Օհանյանը:
Առողջության համար անդառնալի հետևանքներ է առաջանում. փաստաբան
Երկու շաբաթ չսնվելով՝ Օսիպյանը հյուծվել է, այսօր «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Դավիթ Հովհանիսյանը: Օրերս է տեսակցել պաշտպանյալին, հորդորել դադարեցնել հացադուլը, բայց՝ ապարդյուն.
«Արդեն առողջության համար լուրջ անդառնալի հետևանքներ է առաջանում, բնական խնդիրը այն է, որ անձը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն փախած անվանելով պատերազմի ընթացքում, երբ ինքն իր կյանքը հենց 44-օրյայի սկզբից մինչև էս վտանգի տակ էր դնում՝ մասնակցելով բազմաթիվ մարտական գործողությունների, արժեզրկել է հենց էդ արածը»,- ասում է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:
Արթուր Օսիպյանին բանտում կարող են այցելել միայն փաստաբանները, մյուսների համար տեսակցությունների արգելք կա:
Բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով
Բողոքի ակցիային մասնակցող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, Օսիպյանը ճիշտ պահանջ է ներկայացնում Փաշինյանին:
«Էդ ինքը ինչ խուլիգանական արտահայտություններ ասես, ասում է, մի տարուց ավելի է, մենք լսում ենք էդ արտահայտությունները, իրեն կարելի՞ է բարձր տոնով։ Ինչո՞վ է ինքը առավել Արթուր Օսիպյանից, ի՞նչ առավելություն ունի, եթե ինքը այդպիսի վարքագիծ է դրսևորում։ Ո՞րն է իր առավելությունը։ Հավասար իրավունքներ են»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Վրդովված է՝ վարչապետին հարց տվող քաղաքացուն կալանավորում են, բայց նույն վարչապետի ու նրա թիմակիցների վարքագիծը իրավապահները հրաժարվում են անգամ քննել:
Այսօր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մերժել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի հաղորդումը՝ վարույթ նախաձեռնել և քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կզացնելու», «սատկացնելու» սպառնալիքները: Թե ի՞նչ հիմքով են իրավապահները մերժել վարույթը, չեն բացատրում:
«Ակնհայտ ապօրինի մեղադրանքներ են սրանք, որոնք Արթուր Օսիպյանին ներկայացրել են։ Այդ մեղադրանքները պետք է ներկայացվի մյուս կողմին»,- շեշտում է իրավապաշտպան Ալեքսանյանը։
Թեև Փաշինյանը Օսիպյանին մեղադրել էր Արցախի էլիտայի մաս կազմելու համար, բայց երիտասարդին դեռ Արցախից ճանաչող Սարինե Հայրիյանը հիշեցնում է, որ նա այնտեղ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում: Ասում է՝ այլախոհության ու բարձր խոսելու համար ոչ մեկը չպետք է կալանավորվի:
«Եվ եթե ինչ-որ մեկը պետք է վատ զգա կամ պատժվի, դա ոչ թե Արթուրն է, այլ նրա դիմաց կանգնած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ով վարչապետին ոչ հարիր, շատ կներեք, բառամթերքով խոսել է պատերազմի մասնակցած և ողջ մնացած երիտասարդ տղայի հետ և նրա երեսին ասել՝ դու ինչո՞ւ ես ողջ, ինչո՞ւ չես զոհվել»,- ասում է բողոքի ակցիայի մասնակից Սարինե Հայրիյանը:
Բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով
Օսիպյանի հետ տեղի ունեցածը խիստ մտահոգիչ են համարում հայաստանյան 16 հասարակական կազմակերպություններ. կարծում են՝ սա լուրջ վտանգ է Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար: Դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին, կոչ արել դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Օսիպյանին ազատ արձակելու պահանջին այսօր միացել է նաև Փարիզում տեղակալված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան: Պնդում են՝ հանրային բանավեճը, ներառյալ սուր քաղաքական վիճաբանությունները, տեղավորվում են խոսքի ազատության շրջանակներում, դա էլ պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով: