«Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է, դարձել «Երևան Վելնես»

Գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» սպորտային համալիրը կապարակնքելուց շաբաթներ անց վերաբացվեց՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ու այլ անվամբ, այսօր հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն վերաբացվել է նախկին «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրը», - ասաց Ավինյանը:

Համալիրը դադարել էր աշխատել հուլիսի սկզբից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվեց։ Նրան առաջադրված մեղադրանքները «Մուլտի Վելնես»-ի հետ որևէ կապ չունեն, բայց այստեղ նույնպես սկսվեցին ստուգումներ։ Ավարտին իրավապահները պնդեցին՝ հայտնաբերել են, որ տարիներ առաջ՝ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ցույց չի տվել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, պետական բյուջե չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամ հարկ: Քաղաքապետարանը հայտարարեց, թե խզում է Ծառուկյանի հետ կնքած՝ հողի վարձակալության պայմանագիրը։ Հետո պարզվեց՝ ոչ միայն տարածքն են ետ վերցնում, այլև դրա վրա կառուցված գույքն է անցնում քաղաքապետարանի վերահսկողության տակ։ Այսօր արդեն «Երևան Վելնես Սենթըր» դարձած մարզահամալիրի մուտքը հսկում էր քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը, որը «Ազատության» նկարահանող խմբին արգելեց ներս մտնել:

Համալիրի տարածքը Ծառուկյանը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչեւ 2065 թվականը: Երբ լրանար պայմանագրով նշված այս ժամկետը, գործարարը գույքը պետք է համայնքին հանձներ՝ պահպանելով դրա կառավարման իրավունքը, մանրամասնեց Ծառուկյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը:

«Բայց չգիտես ինչու միակողմանի լուծվում է պայմանագիրը, որոշումները տրամադրվում են, որոշումների հետ մեր կողմը համաձայն չի բնականաբար, գտնում է, որ դրանք անօրինական որոշումներ են, և դրանց վերաբերյալ արդեն հայցադիմումներ կան՝ մուտքագրված դատարան», - ասաց Խաչատրյանը:

«Քաղաքական հետապնդման կոմպոնենտը էստեղ բացառելն անհնարին է», - նշեց փաստաբանը, - «Այստեղ շատ կարևոր խնդիր է, որ էս պրոցեսները էդքան էլ չեն նմանվում իրավական պրոցեսների»:

Ինչպե՞ս է աշխատելու վերաբացված համալիրը: Գույքը վերադարձնելո՞ւ են սեփականատիրոջը, թե՞ քաղաքապետարանը շարունակելու է տնօրինել Ծառուկյանի ներդրումներն ու գույքը. լրատվականից այս հարցին չպատասխանեցին, հորդորեցին բավարարվել իրենց տարածած հաղորդագրություններով, որտեղ այս մասին խոսք չկա:

Այն, ինչ անում է քաղաքապետարանը, օրենքի, իրավունքի հետ առնչություն չունի, «Ազատության» հետ զրույցում ասաց «Մուլտի Վելնես» ընկերության տնօրեն Արման Փիրոյանը:

«Ինչ ուզում անում են, ի՞նչ կա էստեղ, ոչ մի բան չկա օրինական», - հայտարարեց նա՝ ընդգծելով, որ իր ղեկավարած ընկերությունն էլ չի չի կարողանում բիզնեսը շարունակել, քանի որ, ասաց, ընկերության միլիարդների գույքն ու ներդրումը քաղաքապետարանը չի վերադարձրել. - «Իմ ՍՊԸ-ի վրա է գրանցված, դեռևս ոչ մեկ ինձ փաստաթղթային գույքի վերաբերյալ ոչ մի որոշում չի տվել: Մարդիկ իմ գույքը արդեն օգտագործում են, իմ իրերը օգտագործում են ամեն ինչ՝ բոլոր, չգիտեմ, ՀԴՄ սարքերից բռնացրած»:

Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից առաջ, անցած տարիներին ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունները «Մուլտի Վելնես»-ի հետ որևէ խնդիր չեն ունեցել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անգամ համալիրի հաճախորդներից էր դարձել, մեկ տարվա աբոնեմենտը՝ 600 հազար դրամ արժողությամբ, նրան նվիրել է Ծառուկյանը, պնդում է համալիրի տնօրենը։

«Այո, ես անձամբ եմ Տիգրան Ավինյանին փաթեթ նվիրել», - նշեց Արման Փիրոյանը, - «Պարոն Ծառուկյանի կողմից նվիրված փաթեթ ուներ ինքը: Դե իրա փաթեթը ուժի մեջ էր, հիմա էլ է ուժի մեջ իրա փաթեթը, էլի, նույն փաթեթն է»:

Երևանի քաղաքապետն ինչո՞ւ է համալիրի թանկարժեք նվերն ընդունել գործարարից ու մինչև ե՞րբ է մարզվել, քաղաքապետարանի լրատվականից դեռ չեն արձագանքել: Հստակ է, որ քաղաքապետ Ավինյանի նման՝ «Մուլտի Վելնես»-ի գործող աբոնեմենտ ունեցողները, ըստ քաղաքապետարանի, կարող են շարունակել մարզումները նույն համալիրում։ Սպորտային համալիրի տնօրենը, ըստ News.am-ի տեղեկությունների, նշանակվել է նույն կենտրոնի մարզիչ Նշան Մալխասյանը, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ակտիվ մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումներին։ Նրան այսօր համալիրի տարածքում հանդիպեցինք, բայց «Ազատության» հարցերին չպատասխանեց:

Օրվա վերջին Գլխավոր դատախազությունը հայտնեց՝ պետության կառավարմանն է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատը՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

Երեկ էլ հայտնի դարձավ Ծառուկյանին պատկանող, պետության կառավարմանն անցած մեկ այլ ընկերությունում՝ «Արարատցեմենտ»-ում նշանակված տնօրենի անունը՝ Կառավարության նախկին անդամ Դավիթ Գևորգյանն է՝ ՔՊ-ական, տարածքային կառավարման փոխնախարարն է եղել, Արագածոտնի մարզպետը:

Ըստ Գլխավոր դատախազության՝ «Արարատցեմենտ»-ն էլ պետության կառավարմանն է անցել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը և պահպանմանը«Մուլտի Ուելնես»-ը վերաբացվել է նոր անվան ներքո«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանի արձագանքը Փաշինյանին«Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակվել Դավիթ ԳևորգյանըԾառուկյանի ընկերությունների տասնյակ աշխատակիցներ հավաքվել են Կառավարության շենքի առջև«Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները«Ե՞րբ կհեռացնեն կապարակնիքը». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է«Առինջ մոլ»-ի տասնյակ տաղավարներ կապարակնքվել են. աշխատակիցները բողոքում են