Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ, ԱԳ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը. Հայաստանը չի մասնակցում

Ռուսաստան - ՀԱՊԿ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստի մասնակիցները, Մոսկվա, 10-ը նոյեմբերի, 2026թ.

Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի համատեղ նիստը:

Ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, նիստից առաջ մասնակիցները դուրս են եկել ընդհանուր լուսանկարի համար, Հայաստանի ներկայացուցիչները նրանց թվում չեն եղել, Հայաստանի դրոշը մյուսների շարքում մնացել է առանց ներկայացուցիչների:

Վաղը Մոսկվայում անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Անցած շաբաթ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Հայաստանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ:

Սրան արձագանքելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»: Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ ներուժըՀայաստանը փորձում է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա դնել. ՌԴ ԱԳՆԿրեմլը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցի հնարավոր քննարկման մասին Ռուսաստանն առաջարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկել ձայնի և առաջադրումների իրավունքներիցՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»