Պուտինը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ ներուժը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային լարվածության պահպանման պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է շարունակեն ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել իրենց ջանքերը՝ պաշտպանության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղություններով։

«ՀԱՊԿ անդամ պետությունները կառուցողական համագործակցության զգալի փորձ են կուտակել։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ միջազգային լարվածության պահպանման պայմաններում կարևոր է շարունակել ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը՝ նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար», - ասվում է ՌԴ նախագահի ուղերձում, որը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում ընթերցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Պուտինը նշել է, որ խոսքը, մասնավորապես, պաշտպանության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին է։

ՀԱՊԿ առաջիկա քննարկումների օրակարգում է նաև Հայաստանի հարցը

ՀԱՊԿ-ի առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի հարցը։

Վերջին օրերին Ռուսաստանի պաշտոնյաները մի շարք հայտարարություններ են արել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցության և կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցության վերաբերյալ։

Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Հայաստանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն էլ երեկ հայտարարել էր, որ Հայաստանը փորձում է սեփական որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս կրկին հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ կապված հետաքրքրությունները սպառված են»։

Ավելի վաղ էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։


​
XS
SM
MD
LG