Մոսկվան և Բաքուն հայտարարում են՝ դիվանագիտական ճգնաժամն անցյալում է

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը Մոսկվայում, 17-ը հուլիսի, 2026թ.

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ավելի քան մեկ տարի շարունակված ճգնաժամն այլևս անցյալում է։ Այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին դա էին արձանագրում երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ մեր երկու պետությունները կարողացան թերթել մեր հարաբերությունների պատմության այս բարդ էջը և կարգավորեցին երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հարաբերությունների այդ վերականգնումը հնարավոր է դարձել մեր երկրների նախագահների անհատական դիրքորոշումների շնորհիվ», - հայտարարում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն, իր հերթին, նշում էր, որ Մոսկվայում նկատել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին Իլհամ Ալիևի այս շաբաթ հնչեցրած հայտարարությունները։

«Պայմանավորվել ենք լրացնել այն դադարը, որ գոյացել էր մեր հարաբերություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում», - ասում էր Սերգեյ Լավրովը։

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատացան 2024 թվականի դեկտեմբերին՝ այն բանից հետո, երբ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցեցին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը՝ սպանելով դրա 67 ուղևորներից և անձնակազմի անդամներից 38-ին։

2025-ի ամռանը հարաբերություններում առկա ճգնաժամը է՛լ ավելի խորացավ, երբ ռուս իրավապահները զանգվածային ձերբակալություններ իրականացրեցին Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի անդամների շրջանում։ Այդ ռեյդերի հետևանքով Եկատերինբուրգում բնակվող ադրբեջանցիներից առնվազն երկուսը զոհվեցին՝ ենթադրաբար դաժան ծեծի հետևանքով։

Այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը անդրադարձել են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին։ Դատելով Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքից՝ Մոսկվայում դեռ հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն կվերադառնան բանակցությունների եռակողմ ձևաչափին՝ ռուսական կողմի մասնակցությամբ։

«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերությունների համակողմանի և լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին՝ 2020-ից 2022 թվականներին բարձր մակարդակում եռակողմ ձևաչափով ձեռք բերված համալիր պայմանավորվածությունների հիման վրա։ Ինչպես և նախկինում, հիմա էլ Ռուսաստանը պատրաստ է աջակցել թե՛ Բաքվին և թե՛ Երևանին՝ հաղորդակցության և տնտեսական ուղիների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման հարցերում։ Ընդգծել ենք, որ տնտեսական ուղղությամբ ժամանակին բավական լուրջ աշխատանք է կատարել երեք երկրների փոխվարչապետերի հանձնաժողովը։ Կարծում ենք, որ նրանց աշխատանքի արդյունքները այսօր էլ ակտուալ են», - հայտարարում էր Լավրովը։

Բայրամովն այսօր առիթը բաց չթողեց և կրկին հայտարարեց, որ 2020-ի պատերազմից հետո ստատուս քվոն Հարավային Կովկասում փոխվել է, և հենց այդ փոփոխությունն էր, որ, նրա համոզմամբ, հնարավոր դարձրեց հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը։

«Մենք այսօր վստահորեն կարող ենք ասել, որ դե ֆակտո խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունի։ Համոզված ենք, որ խաղաղ կարգավորման մնացյալ խնդիրների կատարումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի հարատև, կայուն և բարգավաճ տարածաշրջանի ստեղծման համար», - նշում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ չհստակեցնելով, սակայն, թե որոնք են այն «մնացյալ խնդիրները», որոնք առայժմ խոչընդոտում են վերջնական խաղաղության հաստատմանը։

Այսօր կայացած բանակցությունների ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև հարավկովկասյան երեք պետությունների և անմիջական հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի «3+3» ձևաչափում հետագա հանդիպումների հեռանկարին։ Նախարարների խոսքից կարելի էր կռահել, որ գլխավոր չլուծված հարցն այս պահին ԱԳ նախարարների մյուս հանդիպման վայրի ընտրությունն է։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կպայմանավորվեն նախարարների խորհրդակցության ժամանակացույցի շուրջ, և մենք հստակ կիմանանք՝ որտեղ է անցկացվելու այդ հանդիպումը՝ Բաքվո՞ւմ, թե՛ Երևանում», - հայտարարում էր Լավրովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկով․ «Ուկրաինայի հարցում Ալիևի տեսակետը սխալ է»Մուստաֆաև․ «Հուսով ենք՝ Բաքու-Մոսկվա հարաբերությունները կզարգնան դաշնակցային ոգուն համապատասխան»Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԶանգելանՊատերազմ, ցույցեր ու «անցանկալի» ադրբեջանցիներ ՌԴ-ում․ 2025-ը տարածաշրջանումՀեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետերըՊուտինն ու Ալիևը Պեկինում միմյանց բարևել, բայց չեն շփվել. ՊեսկովՕվերչուկ․ «Աշխատում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»Ռուս - ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը խորանում է Եկատերինբուրգի իրադարձությունները՝ ռուս - ադրբեջանական աննախադեպ լարվածության պատճառՊուտինը ներողություն է խնդրել Ալիևից ավիավթարի կապակցությամբ