Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նախարարները, նախ հանդիպել են առանձնազրույցի ձևաչափով։ Ծրագրված են բանակցություններ նաև՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների օրակարգում են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերն առաջ են շարժվում 2022թ. փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ։
Նա նշել է, որ այս տարի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կառավարությունների և արտգործնախարարությունների աշխատանքի շնորհիվ կարգավորվել են 2024թ. դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված հարցերը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների մեկնարկին Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգային բոլոր հարցերը։
Բայրամովը շեշտել է Բաքվի և Մոսկվայի միջև տնտեսական համագործակցության դրական միտումը. «Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին՝ ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև միտումը դրական է»։ Նա նաև ընդգծել է, որ հումանիտար ոլորտը ավանդաբար կարևոր բաղադրիչ է Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում։
Ըստ ԱՊԱ-ի՝ Բայրամովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը մանրամասն կանդրադառնան առևտրատնտեսական համագործակցության հարցերին, որի կարևոր բաղադրիչներից են միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Նա նաև հավելել է, որ կողմերը կքննարկեն 2025-ի երկկողմ համագործակցության արդյունքները, ինչպես նաև մոտ ապագայի համար նախատեսված ուղղությունները։