Միացյալ Նահանգները և Իրանը հարվածներ և սպառնալիքներ են փոխանակում

Իրանը հրթիռ է արձակում, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Հորդանանում ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ, 10-ը հունիսի, 2026թ.

Միացյալ Նահանգների և Իրանի փոխադարձ հարվածներից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփը հայտարարում է՝ Իրանը շատ է ձգձգել բանակցությունները և հիմա վճարում է դրա գինը: ԱՄՆ նախագահը դժգոհել է, թե Թեհրանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում խնդրի խաղաղ կարգավորման համար:

«Նրանցից չափազանց երկար ժամանակ պահանջվեց բանակցելու համար այնպիսի գործարքի շուրջ, որը հիանալի կլիներ իրենց համար, հիմա նրանք ստիպված կլինեն վճարել դրա գինը», - գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:

Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե Իրանի ծովային շրջափակումը գործում է արդյունավետ, և Պարսից ծոցից ոչ մի կաթիլ նավթ դուրս չի գալիս առանց Վաշինգտոնի թույլտվության: Արդյունքում, ըստ նրա, Իրանը չի կարողանում առևտուր անել և արագ վերածվում է ձախողված երկրի։ Ըստ Fox News-ի՝ Թրամփը նաև ասել է, թե մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ որոշում կայացնելուն:

Մինչ այդ ԱՄՆ-ն «պաշտպանական հարվածներ» էր հասցրել Իրանին՝ ամերիկյան ամերիկյան ուղղաթիռ խոցելու համար: Ի պատասխան՝ Իրանն էլ հարվածել էր ամերիկյան ռազմաբազաների Բահրեյնում, Հորդանանում և Քուվեյթում: Ծոցի մի շարք երկրներ դատապարտել են իրանական հարձակումը:

Թեհրանը զգուշացրել է՝ պատրաստ է «ջախջախիչ և վճռական» պատասխան տալ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողության, իսկ հետագա էսկալացիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը:

Իրանի արտգործնախարարը պահանջել է, որ ԱՄՆ-ն հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել: Այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, զգուշացրել է Աբբաս Արաղչին:

«Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին՝ ԱՄՆ-ն որոշեց փորձել մեր վճռականությունը: Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չեն թողնի: Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ Արաղչին գիշերը նաև հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր գործընկերների հետ, քննարկել վերջին զարգացումները: Ըստ գործակալության՝ նա դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ նշելով, որ դրանք խախտում են Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

ԱԳՆ խոսնակն էլ ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելով դիվանագիտական գործընթացը խաթարելու համար: Էսմայիլ Բաղային վստահեցրել է՝ «անհրաժեշտության դեպքում Իրանի զինված ուժերը պատասխանում են թշնամուն ուժով և հզորությամբ»։

«Կարիք չկա ասելու, որ երեկ երեկոյան տեղի ունեցածը ցույց տվեց, որ Իրանի զինված ուժերը չեն տատանվում երկիրը պաշտպանելու հարցում: Նույն սկզբունքը գործում է դիվանագիտության ոլորտում», - ասել է Բաղային:

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ երկիրը պետք է դուրս գա տարածաշրջանում ներկայում տիրող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից: Թեհրանը, սակայն, ոչ մի դեպքում չի հանձնվի, հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը:

«Պատերազմը, անշուշտ, երկրի շահերից չի բխում, բայց եթե նրանք փորձեն ոտնահարել մեր արժանապատվությունը, մեր հողը և մեր տարածքը, մենք չենք հանձնվի», - ըստ IRNA պետական լրատվական գործակալության՝ ասել է նա:

Ու մինչ ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակում, Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի հրթիռային կայանների և ենթակառուցվածքների, որոնք կիրառվում էին Տյուրոսի շրջանում և այլ վայրերում՝ հարձակողական անօդաչուներ արձակելու համար: Հաղորդվում է մեկ տասնյակից ավելի զոհերի և վիրավորների մասին:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին:

Հակամարտության պատճառով Լիբանանում զոհերի թիվը հասել է 3 հազար 696-ի, վիրավորներինը՝ 11 հազար 413-ի: Ռազմական գործողությունների հետևանքով երկրում փակվել է երեք հիվանդանոց, վնասվել՝ ևս 17-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պետք է դուրս գա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից, սակայն չի հանձնվի. ՓեզեշքիանԻրանը զգուշացնում է՝ պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխանիԻրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներըԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել. Արաղչի Իսրայելը հրթիռների, անօդաչուների արձակման կայանքներ է ոչնչացրել Լիբանանում, «Հեզբոլա»-ն պատասխանել էԻրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին ԱՄՆ-ը «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին՝ ամերիկյան Apache ուղղաթիռի խոցումից հետո