Մատչելիության հղումներ

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանի հարավին ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարվածները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»։

«Չորեքշաբթի վաղ առավոտյան … ԱՄՆ ռեժիմը դաժան հարձակումներ սկսեց երկրի հարավում գտնվող տարածքների վրա: Այս հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 4-րդ կետի, և միջազգային հարաբերություններում ուժի կիրառումն արգելող հիմնարար սկզբունքի կոպիտ խախտում են»,- ասվում է նախարարության հայտարարությունում:

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ իրանական զինուժն արձագանքել է ԱՄՆ ռազմական ագրեսիային և Իրանի ինքնիշխանության խախտմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ինքնապաշտպանության իրն օրինական իրավունքի շրջանակում:

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը թիրախավորել և հարվածել են տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, որոնք ծառայել են որպես այդ ագրեսիվ գործողությունների մեկնարկային կետեր», - հայտարարել է նախարարությունը:

Մինչ այդ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածները մեկնարկել են երեկ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով և որակվում են որպես «ինքնապաշտպանական գործողություն»։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար է Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի:

XS
SM
MD
LG