Հայաստանում ապրող իրանցիները ահազանգում են, թե ԱԱԾ-ից շարունակում են հարցումների կանչել նրանց, որ բողոքի ցույցեր են կազմակերպում Իրանի դեսպանատան առջև: Ազգային անվտանգության ծառայությունից չեն հերքում. «Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, գերատեսչությունից հստակ չեն պարզաբանում՝ ինչո՞ւ ու ի՞նչ հիմնավորմամբ:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցումային աշխատանքներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված՝ հակահետախուզական և հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների համատեքստում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված կարգավորումների համաձայն», - հայտնել են գերատեսչությունից։
Ըստ օրենքի, որին հղում են անում ԱԱԾ-ից, հարցումներ իրականացվում են կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում պարզաբանման այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու դեպքում։
Այս հիմքերից, թե որո՞վ են իրանցիներին ծառայություն կանչել՝ ԱԱԾ-ից չեն հստակեցնում:
Հայաստանում բնակվող իրանցիները, մինչդեռ, վստահ են՝ պաշտոնական Երևանը Իրանի դեսպանատան սպառնալիքներին է տեղի տվել։
Դեռ օրեր առաջ Հայաստանում բնակվող մի քանի իրանցիներ «Ազատության» հետ զրույցներում պատմել էին, որ իրենց կանչել են ԱԱԾ ու հորդորել դադարեցնել հավաքները։ Նրանցից մեկն, անանուն մնալու պայմանով, ասել էր, որ իրեն անգամ, փաստացի, սպառնացել են ձերբակալմամբ, եթե շարունակի մասնակցել ցույցերին։
Իրանցի երիտասարդներից մեկն էլ «Ազատությանը» պատմեց, որ իրավապահներն իրեն արտաքսմամբ են ահաբեկել։ Երիտասարդը սկզբում ոստիկանության բաժանմունք, ապա ԱԱԾ է հրավիրվել։
«Կանչեցին, ասացին՝ մի մասնակցի էդ միտինգներին… ասացին՝ հետևանքներ կունենա։ Անգամ առաջին օրը, որ ինձ տարան, ոստիկանության բաժին են կանչել, գնացել եմ այնտեղ, ասել են՝ քեզ դեպորտ կանենք», - պատմում է իրանցի երիտասարդը:
ԱԱԾ հրավիրված հայաստանաբնակ իրանցիները տարակուսել են՝ ինչո՞ւ են հայտնվել հայաստանյան իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ ասում են՝ ո՛չ ակցիաների ընթացքում, ո՛չ դրանցից դուրս որևէ օրենք չեն խախտել։
Նրանցից մեկն ասում է. «Ոչ մի օրենք չենք խախտում, կանչում են այս կողմ, այն կողմ… ասացի՝ մեր գործն անօրինական չի, ձեր գործն է անօրինական, որ մեզ առանց ոչ մի բան կանչում եք այստեղ»:
Երիտասարդի խոսքով՝ ծառայությունում իրեն չեն հիմնավորել, թե ինչո՞ւ են կանչել, ի՞նչ պատճառով։ Ասում է՝ նույն շենքում տեսել է ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Ավելի ուշ նկատել՝ բողոքի ակցիաների մասնակիցները օրեցօր նվազում են։
«Երրորդ օրն այստեղ շատ մարդ էր հավաքված, բայց տարան, կանչեցին էնտեղ, դրանից հետո շատ քիչ մարդիկ եկան», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Իրանում անցած տարավերջին մեկնարկած հակակառավարական ցույցերին զուգահեռ հայաստանաբնակ իրանցիներն էլ իրենց հերթին բողոքի ակցիաներ են սկսել Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց։ Մասնակիցներն օրեր շարունակ պահանջում են իրենց իշխանություններից դադարեցնել Իրանում ցուցարարների սպանությունը, նաև գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի հեռացման կոչեր են հնչում:
Այս ակցիաներին կոշտ էր արձագանքել Հայաստանում Իրան դեսպանը։
«Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար», - ասել էր Խալիլ Շիրղոլամին։
Դիվանագետի հայտարարություններին վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ հավաստիացնելով՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: Փաշինյանը միևնույն ժամանակ պնդել էր, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել, և Իրանի համար բացառություններ չեն արվելու։
Փաշինյանի այս հավաստիացումներից բառացիորեն օրեր անց, սակայն, ոստիկանությունն արգելեց իրանցիներից դեսպանատնից Կապույտ մզկիթ երթ իրականացնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանցիները ցույց անցկացրեցին Երևանում Իրանի դեսպանատան դիմաց, երթն արգելվեցԵրթի կազմակերպիչները, ի սկզբանե իրազեկել էին ակցիայի մասին ու փաստացի թույլտվություն ստացել, բայց երթից ժամեր առաջ քաղաքապետարանից բանավոր փոխանցել էին, թե արգելում են: Ի՞նչ հիմնավորմամբ ու օրենքի ո՞ր կետով ՝ քաղաքապետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան, պնդել են.
«Հավաքների ազատության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ներկայացված իրազեկումն ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիա՝ հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում քննարկվել է երթի անցկացման վերաբերյալ իրազեկումը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ հավաքների ընթացքում հավաքի մասնակիցների թիվը կազմել է 350-400 անձ, հետևաբար երթի ընթացքում անխուսափելի է երթի մասնակիցների կողմից փողոցների երթևեկելի հատվածների օգտագործումը: Հաշվի առնելով, որ իրազեկման մեջ նշված ժամերին երթևեկությունը շատ խիտ է, որի հետևանքով անհամաչափորեն կսահմանափակվեն երթևեկության մասնակիցների իրավունքները, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը իրազեկմամբ նշված երթի իրականացումը համարում է ոչ նպատակահարմար»:
Քաղաքապետարանից որպես հիմնավորում են բերել ակցիայի մասնակիցների թիվը, շեշտելով, թե 350-400 ցուցարար է մասնակցել հավաքներին։ Մինչդեռ «Ազատության» տեսախցիկը մի քանի անգամ արձանագրել է, որ դեսպանատան դիմաց հավաքվածների թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը, անգամ անցած շաբաթավերջին՝ երթի օրը, երբ մի քանի մասնակիցներ բերման ենթարկվեցին, շուրջ 100 մարդ էր հավաքվել տարածքում։
«Որոշումը եղել է իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին: Դրանից հետո որևիցե իրավական հիմք, կարծիքի հիման վրա որոշում փոխել, առավել ևս դա անել վարչարարության տեսանկյունից անհասկանալի ընթացակարգերով, դա անել չպահպանելով դատական պաշտպանության իրավունքը, չապահովել լսված լինելու իրավունքը», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Իրավապաշտպան Իոաննիսյանն ասում է՝ քաղաքապետարանը ի սկզբանե երթի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելուց հետո այս դեպքում այն չեղարկելու իրավական հիմքեր չուներ. «Նման որոշում կայացնելու ժամկետներ կան, ու այդ ժամկետներում պիտի այդ որոշումը կայացվի, այդ թվում, որպեսզի ապահովվի մարդկանց կողմից, մարդկանց, ում իրավունքը սահմանափակվում է, այդ սահմանափակման կամ ում նկատմամբ ոչ բարենպաստ վարչական ակտ է կայացվում, այդ վարչական ակտի դատական բողոքարկման իրավունքը, որը Վարչական դատավարության օրենսգրքով էլ սահմանված է: Պետք է ասեմ, որ ընտրական իրավունքի պես է. դատարանը պետք է մի քանի օրում քննի ու որոշում կայացնի, որ մարդիկ հավաքը անեն կամ չանեն»:
Երթի կազմակերպիչներն էլ են համարում, որ քաղաքապետարանի որոշումն անհիմն է։ երթ անցկացնելու նոր դիմում են ներկայացրել ու կրկին մերժվել: չնայած խոչընդոտներին ու ճնշումներին՝ իրանցիները երրորդ շաբաթն է՝ գրեթե ամեն օր հավաքվում են իրենց դեսպանատան առջև՝ հայրենիքում մնացած հարազատներին աջակցելու: