«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»,- այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրանք հոգևորականներին՝ Ավստրիայի Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ. արգելվել է լքել երկիրըԱյսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ: Այս մասին գրառում էր արել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել էր, որ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերվում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը նաև 3 օր առաջ կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ:
Այսօր Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները ինչպես նաև տեր Մովսես քահանան: Նրանք բոլորը մեղադրյալներ են, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»,- նշվում է Մայր Աթոռի հայտարարությունում: