«Մանդատը զենք է, կամավոր հրաժարվելը՝ անպատասխանատվություն». մանդատը կվերցնի նաև Նարեկ Կարապետյանը

Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժն այսօր այսպես է մեկնաբանել պատգամավորական մանդատները վերցնելու որոշումը, նորից խոստանում են՝ խորհրդարանական մանդատները ծառայելու են Փաշինյանի իշխանազրկմանը:

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքում էլ մանդատների հարցը հանգուցալուծվել է:

«Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է ու ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև», - հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը:

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարը միլիարդատեր Կարապետյանի թիմը խոստանում է հանգուցալուծել օրենսդիրում: Պատգամավորական ցուցակի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընդդիմության կարգավիճակը համարում է փոփոխության հասնելու մի մաս, մինչդեռ դաշինքի առաջնորդը նախընտրական փուլում հայտարարում էր, որ պատրաստ չէ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին:

«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում ընդդիմության մեջ ներկայացվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության», - նշեց Նարեկ Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ ուժն է՝ 29 մանդատ կունենան: «Հայաստան» դաշինքը՝ 12, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64: Նոր գումարվող Ազգային ժողովում էլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ճանապարհով հեռացնելու բավարար ձայն չունի միասնական ընդդիմությունը, ինչպես այս գումարման Ազգային ժողովում: Վարչապետին հեռացնելու խորհրդարանական ճանապարհը տապալվել է այս տարիներին, փողոցային պայքարն էլ՝ մարել, Արցախի ամբողջական կորստից ու հայաթափումից հետո էլ ընդդիմությանը չհաջողվեց զանգվածներ փողոց հանել:

Ընդդիմության հաշվարկը հիմա ի՞նչն է, ինչը պիտի մեկ անգամ ու վերջնական մարդկանց փողոց հանի, որ իրենց հաջողվի մանդատներն էլ գործի դնելով՝ իշխանությունը վերցնել: Հնարավո՞ր է Ռուսաստան-Հայաստան վատթարացող հարաբերություններն ու դրա տնտեսական հետևանքներն են, որ իրենց հաշվարկներով՝ սոցիալական բունտի կհանգեցնեն:

«Չէ, ընդդիմությունը Հայաստանում որպես Հայաստանի քաղաքական միավոր է և իր գործունեության մեջ «Հայաստան» դաշինքը հույսը դնում է մեր ժողովրդի բանականության, մեր ժողովրդի հայրենասիրության, ինչ-որ պահի այլևս իրականությունը սթափ նայելու..», - նշեց Գեղամ Մանուկյանը:

Թե՛ միլիարդատեր Կարապետյանի, թե՛ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքներում իրենց առաջին հաղթանակն են համարում, որ իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն: Պնդում են, թե իշխանությունը չի կարողանա կատարել Բաքվի պահանջը՝ փոխել Սահմանադրությունը, ու նոր գումարման Ազգային ժողովն, ըստ նրանց, նախորդից կտարբերվի այս բովանդակությամբ:

«Մենք փակեցինք այն ճանապարհը, որով Փաշինյանը ցանկանում էր ստանալ սահմանադրական մեծամասնություն ու իրականացնել իր քաղաքական ծրագրերը», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:

Մանդատները վերցնող ընդդիմադիրներին խորհրդարանում անհամբեր սպասում է իշխող ուժը: Ազգային ժողովի խոսնակի ՔՊ-ական թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արդեն հայտարարել է՝ ինչու. «Բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել, հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում, և քաղաքականապես ոչնչացնելու ենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ-ն կայացրեց որոշումը. ԲՀԿ-ն դուրս մնաց, ԱԺ-ում կլինեն ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները վերցնում են մանդատներըԸնդդիմադիրները հայտարարում են «դիմադրության նոր փուլի, քննարկումները շարունակելու» մասին