ԵՄ 12 երկրի առաջնորդներ Ռուսաստանն Արկտիկայի համար սպառնալիք են համարում

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, ՌԴ, արխիվ

Եվրոպական 12 երկրի առաջնորդներ հայտարարել են, որ այսօրվա Ռուսաստանը սպառնալիք է Արկտիկայի անվտանգության համար, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Առաջնորդներն այս հարցում համաձայնության են եկել Եվրոպական Արկտիկական ֆորումում քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ը Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում։

Ֆորումին մասնակցել են Ֆինլանդիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի ղեկավարները, Ֆրանսիայի արտգործնախարարը, ինչպես նաև Հունաստանի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Լեհաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Համատեղ հայտարարությունում նրանք նշել են, որ Ռուսաստանի աճող ռազմական ակտիվությունը, նրա հիբրիդային հարձակումները և ռազմավարական ներդրումները ցույց են տալիս ԵՄ-ի հավաքական պատրաստվածությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ ռուսական սպառնալիքներին դիմակայելու համար։

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ընդգծել է Արկտիկական տարածաշրջանում եվրոպական համատեղ նախագծերի մշակման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ խոսքն արբանյակների արձակման հարթակների, կարևորագույն ենթակառուցվածքների, ռազմական շարժունակության, սահմանային տրանսպորտային կապերի և կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման մասին է։

Այս աշնանը Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է ներկայացնել ԵՄ նոր Արկտիկական ռազմավարությունը և իրականացման ծրագիրը։ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասն ասել է, որ ԵՄ երկրները տեսնում են, որ «Ռուսաստանը վերաբացնում է խորհրդային ռազմական բազաներն Արկտիկայում և հրթիռային փորձարկումներ է անցկացնում Հեռավոր Հյուսիսում»:

«Հետևաբար, մենք մշակում ենք նոր արկտիկական ռազմավարություն, որի հիմքում անվտանգությունն է: Մենք տեսնում ենք, որ Չինաստանի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ նույնպես աճում է, ուստի մենք պետք է զգոն մնանք»,- ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում ԱրկտիկայումՄոսկվան դեմ է Արկտիկայում ռազմական ներկայությունն ընդլայնելու Լոնդոնի ծրագրինՓոմփեո․ ԱՄՆ-ը մեծացնում է իր ներկայությունը ԱրկտիկայումՄաթիս․ ԱՄՆ-ը պետք է նոր մակարդակի հասցնի իր դերակատարությունը Արկտիկայում