Լավրով. Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, իսկ ԱՄՆ նախագահի գործադրած ջանքերից պետք չէ ոգևորվել, քանզի խաղաղություն դեռ չի հաստատվել, բանակցություններն էլ շարունակվում են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Բազմիցս ասել ենք, որ չպետք է ոգևորության մեջ ընկնենք կատարվողից, որ ԱՄՆ նախագահը եվրոպացիներին, Վլադիմիր Զելենսկիին իրենց տեղն է դրել և պահանջում է, որ ենթարկվեն ... Սա լավ է, եթե ուզում ենք խաղաղություն հաստատել Ուկրաինայում, բայց մենք դեռ չենք հասել դրան», - պնդել է Լավրովը:

Կրեմլը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման կոնկրետ օր և վայր դեռ որոշված չէ և հույս հայտնել, որ դրանք տեղի կունենան առաջիկայում:

Մինչ Լավրովը կոչ է անում չոգևորվել բանակցություններում գրանցված առաջընթացից, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթն է պատրաստում: Դրանում կներառվեն անհատներ և կազմակերպություններ, որոնք, ըստ դաշինքի, մասնակցել են Ուկրաինայի ինքնիշխանության խաթարմանը, աջակցել են Ռուսաստանի պատերազմական մեքենային, նաև օգնել են շրջանցել գործող պատժամիջոցները:

Նոր փաթեթով, որը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նաև հայաստանյան Unibank-ի և ադրբեջանական Yelo Bank-ի նկատմամբ: Եթե փաթեթն ընդունվի այս տեքստով, այս բանկերը կզրկվեն ԵՄ-ի հետ ֆինանսական գործառույթներ իրականացնելու հնարավորությունից, իսկ ԵՄ տարածքում դրանց ակտիվները կսառեցվեն։ Պատժամիջոցների ցանկում, ի թիվս այլ անձանց, հայտնվել է նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Վլադիմիր Ավետիսյանը:

Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին առաջարկել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքն արգելել ԵՄ տարածք: Անդրեյ Սիբիգան ասել է, որ «Ուկրաինա ներխուժելու պայմանագիր ստորագրող յուրաքանչյուր ռուս պետք է իմանա, որ միաժամանակ Եվրոպա մուտքի ցմահ արգելքի մասին պայմանագիր է ստորագրում»:

«Էստոնիան արդեն իսկ ցուցադրել է առաջնորդություն՝ ներդնելով համապատասխան պետական լուծումներ և ապացուցելով, որ այս մեխանիզմը գործում է: Հիմա ժամանակն է սա ընդլայնել ողջ ԵՄ-ում, և ես կոչ եմ անում իմ ԵՄ գործընկերներին լուրջ վերաբերվել այս քայլին», - հայտարարել է Սիբիգան:

Չնայած Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշմանը՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե ցանկանում է վերսկսել Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, նաև եվրոպացի գործընկերներին ներգրավել: Էմանյուել Մակրոնը, որն անցած շաբաթ էր իր խորհրդականներից մեկին ուղարկել Ռուսաստան, նշել է, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա չափազանց շատ միջնորդների չներգրավելով, որոնք հստակ մանդատ կունենան: Մոսկվայի հետ շփումներից, սակայն, Մակրոնը մեկ բան է հասկացել՝ Ռուսաստանը հիմա խաղաղություն չի ուզում:

Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև շփումներ են եղել: Դմիտրի Պեսկովն ասել է, որ դրանք ցանկության և անհրաժեշտության դեպքում կարող են օգնել արագ երկխոսություն հաստատել ամենաբարձր մակարդակով։ Սակայն, Մոսկվան, նման ազդակներ չի ստացել Փարիզից, նշել է նա:

«Մինչ օրս մենք որևէ ազդակ չենք ստացել, որ նման ցանկություն կա։ Այնուամենայնիվ, մենք ի գիտություն ենք ընդունել պարոն Մակրոնի հայտարարությանը Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին, և դրական ենք վերաբերվում նման հայտարարություններին»,- հայտարարել է Պեսկովը:

ԵՄ արտգործնախարարն էլ խոստացել է առաջարկել զիջումների ցանկ, որոնք Եվրոպան պետք է Ռուսաստանից պահանջի՝ որպես Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի մաս։ Կայա Կալլասը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել:

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Դոնեցկի Սլավյանսկ քաղաքին, սպանվել է երկու, վիրավորվել 16 մարդ: Օդեսայում էլ հարվածել է էներգետիկ օբյեկտի, որը լրջորեն տուժել է:

Հարձակման են ենթարկվել նաև Խարկովը, Զապորոժիեն, որտեղ չորս վիրավոր կա, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխա: Եվս երկու երեխա տուժել է Սումիում: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Զոպորոժիեում:

Ռուսական հարվածներից տուժած էլերակայաններից մեկի աշխատողները պատմել են, որ վերջին հարվածները նախորդներից ավելի ավերիչ են եղել:

«Մենք կարող ենք համեմատել հարձակումները, քանի որ դրանք բազմիցս կրկնվել են իմ հերթափոխի ընթացքում՝ թե՛ հրթիռներով, թե՛ անօդաչուներով, թե՛ համակցված։ Այս հարձակումը, կարելի է ասել, մի փոքր ավելի ուժեղ էր ... մենք դա զգացինք»,- պատմում է էլեկտրակայանի աշխատակիցներից մեկը, շարունակելով.- «Ոչինչ չի փոխվել, ռուսները շարունակում են մեզ հարվածել դաժանաբար, ավերում են ամեն ինչ։ Սկզբում, երբ ես այստեղ էի, նրանք հարվածեցին և ոչնչացրին տանիքը, ապա՝ սարքավորումները, ամեն ինչ։ Ոչինչ չի փոխվել. սա ահաբեկչություն է»:

Ուկրաինական զինուժն իր հերթին անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Բելգորոդի վրա: Կուրսկում էլեկտրակայանին ուկրաինական անօդաչուի հարվածից մոտ 28,000 մարդ առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման է մնացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու. ԼավրովՌԴ-ը Ֆրանսիայի կողմից բարձրագույն մակարդակով երկխոսություն վերսկսելու ցանկություն չի տեսնում. ՊեսկովՌուսական կողմը հարվածել է Ուկրաինային. Վոլնյանսկում կան վիրավորներԿիևն ու Փարիզը պայմանավորվել են համատեղ զենքի արտադրություն սկսելՌուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ըՈւկրաինայում ռուսական հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներՌուսական էներգետիկ ենթակառուցվածքը օրինական թիրախ է հարվածների համար. ԶելենսկիԿրամատորսկում տեղի ունեցած հարձակման հետևանքով կան զոհերԿիևն ու Մոսկվան հարվածների մասին են հաղորդում