Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը

Ռուսաստանի հանդեպ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև հայաստանյան Unibank-ը։

«Ազատության» տրամադրության տակ է Եվրամիության արտգործնախարարության կազմած՝ սահմանափակումների 20-րդ փաթեթը, որի նպատակն է, ըստ Բրյուսելի, թիրախավորել Ռուսաստանի եկամուտները և ռազմական կարողությունները՝ Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմին ի պատասխան:

103 կազմակերպությունների ու անհատների շարքում առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նաև 2001-ին Հայաստանում հիմնադրված Unibank-ի և ադրբեջանական Yelo Bank-ի նկատմամբ: Եթե փաթեթն ընդունվի այս տեքստով, այդ բանկերը կզրկվեն ԵՄ-ի հետ ֆինանսական գործառույթներ իրականացնելու հնարավորությունից, նրանց՝ ԵՄ-ում ունեցած ակտիվները կսառեցվեն։

Փաթեթն արդեն քննարկվել է ԵՄ անդամ երկրների շարքում, ակնկալվում է, որ այն վերջնականապես կհաստատվի առաջիկա օրերին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հինգերորդ տարելիցի շեմին։

«Մենք առաջին անգամ կակտիվացնենք նաև պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը՝ արգելելով համակարգչային թվային կառավարման մեքենաների և ռադիոընդունիչների արտահանումը և մատակարարումը, երբ կա այդ արտադրանքի՝ Ռուսաստան վերաարտահանման բարձր ռիսկ», - անցած ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։

XS
SM
MD
LG