Լավրով. ՀԱՊԿ գագաթնաժողովը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստի ժամանակ, Մոսկվա, 10-ը նոյեմբերի, 2026թ.

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին կներկայացվի անդամավճարների գծով պարտքերի համար Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողներին ներկայացնելով Հավաքական անվտանգության կազմակերպության Արտաքին գործերի նախարարներ խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքները:

«Կառուցողական սյուժեներից զատ, մենք ստիպված եղանք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ Կանոնադրության գծով իր պարտականությունները չկատարելու հարցը, ինչ վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարներին», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Այստեղ երկակի մեկնաբանության տարածք չի կարող լինել, պնդել է նախարարը և շարունակել. - «2024 թվականից, արդեն ավելի քան երկու տարի Երևանը չի փոխանցում անդամավճարները: Ինչի կապակցությամբ հարց է դրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ: Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման կասեցում և ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտավորության լիակատար մարումը: Այդ որոշման նախագիծը կքննարկվի նաև վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»:

Միաժամանակ, Լավրովը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել, ապա հավելել, թե Երևանի համար «ՀԱՊԿ դուռը չի փակվում», «Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն անի»:

«Եթե ՀԱՊԿ բյուջեին պարտքը գերազանցում է երկամյա ժամանակաշրջանը, ապա երկիրը [ըստ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի] պետք է զրկվի ձայնի իրավունքից: Բայց դուռը մենք չենք փակում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է՝ «Ես, իհարկե, գնում եմ Եվրամիություն, ինձնից հանրաքվե են պահանջում, որ հայ ժողովուրդը որոշի՝ որտեղ է իր համար լավ՝ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե՞ ԵՄ-ում, ես այդ ընտրությունը կանեմ, երբ պաշտոնապես հայտ կներկայացնեմ, և ինձ դրա վերաբերյալ կպատասխանեն», դա արդեն ընտրություն չի լինի՝ դա կլինի ժողովրդին կանգնեցնել կատարված փաստի առջև», - պնդել է Լավրովը:

Նրա խոսքով՝ մոտավորապես նույն տրամաբանությունն է դիտարկվում ՀԱՊԿ-ի նկատմամբ, երբ Երևանը հայտարարում է, որ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում երկրի շահերին, քանի որ չի ապահովում Հայաստանի կարիքները անվտանգության ոլորտում:

«Բայց եթե այդպես է, այդ դեպքում, նշանակում է, պետք է դուրս գալ: Բայց եթե ուզում են, որ մենք դուրս անենք Հայաստանին, մենք այդպես չենք անելու», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման Ռուսաստանի առաջարկի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»: Ամիսներ առաջ էլ Փաշինյանն ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ, ԱԳ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը. Հայաստանը չի մասնակցում Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել․ ԱՊՀ գլխավոր քարտուղար Պուտինը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ ներուժըՀայաստանը փորձում է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա դնել. ՌԴ ԱԳՆԿրեմլը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցի հնարավոր քննարկման մասին ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»