Քոչարյան. Երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունի ժողովուրդը

Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների միջև երեկվա միջադեպերն է՛լ ավելի են ամրապնդել «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, որ վարչապետի թեկնածուն «փսիխո պետք է հանի»:

«Երեկ ուղղակի իսկապես առարկայական ապացույց ենք ստացել, որ շատ ճիշտ առաջարկ է, և մենք պետք է այդ առաջարկը անպայման ընտրություններից հետո կյանքի կոչենք: Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ, առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի», - հայտարարեց Քոչարյանը:

Նախկին նախագահն ու թիմակիցներն Ախուրյանում էին: Երեկվա քարոզչական օրվա միջադեպերի համատեքստում, Քոչարյանի խոսքի առանցքում Փաշինյանին ուղղված քննադատությունն էր:

«Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք: Ուղղակի իր խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքի կարիքը արդեն ժողովուրդը ունի», - ասաց Հայաստանի երկրորդ նախագահը:

Արցախցիներին փախչելու մեջ մեղադրելը Արևմտյան Հայաստանից գաղթի հետ համեմատեց. առիթը արցախցի տղամարդու հասցեին վարչապետի երեկվա մեղադրանքներն էին, թե Լեռնային Ղարաբաղում չի կռվել, չի զոհվել, փախել է:

«Ես կխնդրեի տեղի բնակիչներից ձեռք բարձրացնել նրանց, որոնց արմատները գալիս են Մուշից, Ղարսից: Շատ են ստեղ, չէ՞, դահլիճի մեծ մասը: Ուղղակի ձեր հարազատներին, ձեր նախկիններին, ձեր պապերին ասել է «թռած, փախած, հայրենիքը հանձնած», - պնդեց Քոչարյանը:

Երկիրը մեծ ընտանիք է, մոդելի ընտրությունն էլ հունիսի 7-ին է լինելու. անուններ Ռոբերտ Քոչարյանը չէր տալիս, բայց ակնարկներն անթաքույց էին. - «Այն իդեալական մոդելը, որը մենք կցանկանայինք ունենալ՝ հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հա՞յր, թե՞ հիստերիկ, լաչառ, կարծիքը տասը անգամ շաբաթը փոխող, ստախոս, սենց, կազինոյի կլիենտ և հարբեցող, ի՞նչ կընտրեիք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը ո՞րը կլիներ: Երևի, չեմ կասկածում, չէ՞, լավ մոդելը»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մեկ անգամ սխալվելուց հետո երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունի ժողովուրդը, դրա գինը, հայտարարեց, կարող է նաև Սյունիքի կորուստը լինել:

«Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150 հազար փախստականներ, Արցախի կորուստ, հինգ հազար զոհ, և այլն: Հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում», - ասաց նախկին նախագահը:

Ախուրյան հասած «Հայաստան» դաշինքի համակիրները նաև հարցեր ունեին՝ տեղում իշխանափոխությունից մինչև ոռոգման ջրի խնդիր: Մի երիտասարդի էլ հետաքրքրեց՝ արդյո՞ք ընտրվելու դեպքում Քոչարյանը կկարողանա Բաքվի բանտերում պահվող գերիներին վերադարձնել, ու ե՞րբ:

«Ես չեմ կարող հիմա ասել՝ երկու ամսում, կամ երեք ամսում, կամ հինգ ամսում, բայց ես ձեզ ասում եմ, որ այդ հարցը ողջամիտ ժամկետներում իր լուծումը կարող է ստանալ: Ես տեսնում եմ դա, այդ հնարավորությունը տեսնում եմ: Ալիևը ինչ հաճույք պիտի էդ դատական ամբողջ էդ ընթացակարգից ստանար, արդեն ստացել է, արդեն ստացել է: Սա լինելու է մեր հետագա խաղաղության բանակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մի մաս, անպայման», - հարցին արձագանքեց ընդդիմադիր ուժի առաջնորդը:

Լրագրողների հարցերին այսօր երկրորդ նախագահը չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե գրաֆիկից հետ են ընկնում:

«Հայաստան» դաշինքն այսօր նաև Աշոցքում ու Ամասիայում քարոզչություն արեց, օրը եզրափակեցին Գյումրիում հանրահավաքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերով«Ուժեղ Հայաստանը» չարձագանքեց Փաշինյանի սպառնալիքներին«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ«23 գլխանի հրեշը», «փսիխոյի թուղթը», «վարկային համաներումը». քարոզարշավի 10-րդ օրը Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետական ղեկին գժեր չունենանք. Քոչարյան«Լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ». Քոչարյանը շարունակեց կոշտ քննադատել իշխանություններինՔոչարյանը քննադատում է Փաշինյանին, խոսում իր իշխանության աղմկոտ դեպքերից. որքանով են ճիշտ նրա պնդումները Քոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեցԴարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը ԱջափնյակումՄարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. ՓաշինյանԽաղաղության երաշխավորների ամենալավ ֆորմատը, ըստ Քոչարյանի, «հենց Մինսկի խմբի ֆորմատն էր»