Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները. Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

Ավստրիայի հնագույն Սանկտ Փյոլթըն քաղաքում հրավիրված Եպիսկոպոսաց հավաքն ավարտել է իր աշխատանքները: Հավաքին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ:

Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի առնչությամբ, կոչ արել Հայաստանի իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին:

Հավաքից հետո արված հայտարարությունում ասվում է նաև.- «Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից»:

Սանկտ Փյոլթընում էր նաև Փաշինյանի արշավին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ում անունը ևս կա Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եպիսկոպոսական ժողովը վերածվեց եպիսկոպոսական հավաքի. Հայաստանից երկու եպիսկոպոս է մեկնել Ավստրիա

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքի կաթոլիկ եկեղեցուն պատկանող տարածքում հրավիրված եպիսկոպոսական ժողովը վերածվեց եպիսկոպոսական հավաքի. ժողով լինել չէր կարող, որովհետև եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ նա շաբաթ օրը մեղադրյալ դարձավ՝ երկրից բացակայելու արգելքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը՝ մեղադրյալ

Ավստրիայում եպիսկոպոսական ժողով հրավիրելու որոշումը Մայր Աթոռը հիմնավորել էր հնարավոր ճնշումներից միաբաններին հեռու պահելու ցանկությամբ, վարչապետ Փաշինյանը Վեհափառին մեղադրանք առաջադրելու հենց նախորդ օրն էր կոշտ հակազդեցություն խոստացել, որովհետև, ըստ նրա, Հայաստանից դուրս ժողով հրավիրելու նպատակը կաթողիկոսությունը դուրս տանելն է: