Մատչելիության հղումներ

Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախօրեին իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

«Եպիսկոպոսաց հավաքը բացվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն առցանց հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքի կաթոլիկ եկեղեցուն պատկանող տարածքում հրավիրված եպիսկոպոսական ժողովը վերածվեց եպիսկոպոսական հավաքի. ժողով լինել չէր կարող, որովհետև եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ նա շաբաթ օրը մեղադրյալ դարձավ՝ երկրից բացակայելու արգելքով:

Ավստրիայում եպիսկոպոսական ժողով հրավիրելու որոշումը Մայր Աթոռը հիմնավորել էր հնարավոր ճնշումներից միաբաններին հեռու պահելու ցանկությամբ, վարչապետ Փաշինյանը Վեհափառին մեղադրանք առաջադրելու հենց նախորդ օրն էր կոշտ հակազդեցություն խոստացել, որովհետև, ըստ նրա, Հայաստանից դուրս ժողով հրավիրելու նպատակը կաթողիկոսությունը դուրս տանելն է:

XS
SM
MD
LG