«Խիզախ որոշում էր». Վերաքննիչը բեկանեց Միքայել Աջապահյանի ազատազրկման որոշումը

Կես տարվա քննությունից հետո Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Շիրակի թեմի առաջնորդի բողոքը. բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության: Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով և դատապարտել երկու տարվա ազատազրկման։

Միքայել Աջապահյանին ուղղված հարցին, թե արդա՞ր է համարում այս որոշումը, Աջապահյանն արձագանքեց.- «Ոչ բավարար, որովհետև չարդարացվեցի»:

Դատարանը, միաժամանակ, մերժեց Գլխավոր դատախազության բողոքը, որով պահանջվում էր երկու տարվա փոխարեն սահմանել երկուսուկես տարվա ազատազրկում։ Դատախազությունն այսօրվա որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։

Աջապահյանի մեղադրանքի հիմքում անցած տարվա նրա մի հայտարարությունն էր, որով արքեպիսկոպոսը վերահաստատել էր դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը:

«Ի սկզբանե ասել ենք շինծու է [քրեական գործը], ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու: Նման կոչ արդեն քանի անգամ անում է կառավարության ղեկավարը: Բառացի ասում է՝ գնացեք, հեղափոխոխություն արեք, ես նման բան ասե՞լ եմ: Ուրեմն ո՞վ պիտի դատվի, նա պիտի դատվի, ե՞ս պիտի դատվեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Դատարանն այսօր նաև վերացրեց բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։ Նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից և նշեց, որ շտապում է մեկ այլ դատարան, որտեղ ընթանում է ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող հոգևոր եղբոր՝ Բագրատ արքեպիսկոպոսի դատավարությունը։

Ութ ամիս բանտում պահվելուց հետո Աջապահյանը տնային կալանքի էր տեղափոխվել երեք ամիս առաջ:

Գործը բեկանելու որոշման հիմքում փաստաբանների բողոքն էր ընդդատության վերաբերյալ. Վերաքննիչն ընդունեց, որ խախտվել է գործի քննության ընդդատությունն ու դատավարությունը պետք է անցկացվեր ոչ թե Երևանի, այլ՝ Շիրակի մարզի դատարանում: Հետևաբար նոր դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզում:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով.- «Այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք խիզախ որոշում: Չնայած, մենք, բնականաբար, արդարացման հիմքերը տեսնում էինք, բայց կարևոր է, որ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագքեց ընդդատության կանոնի խախտումը»:

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ Վերաքննիչի որոշումը ստանալուց հետո կկարողանան մանրամասներից խոսել, թե արդյո՞ք միայն ընդդատության հարցն է դատարանը համարել խնդիր, թե նաև մեղադրանքի առանցքում տեղ գտած նրա հայտարարություններին էլ է անդրադարձել:

Շիրակի թեմի առաջնորդը հայտարարեց՝ շարունակելու է քննադատել իշխանություններին՝ ընդգծելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Միքայել սրբազանի կալանքը շարունակելը վերածվում է հալածանքի». ՓաստաբանՄիքայել սրբազանն 9 ամիս անց Յոթ Վերքում պատարագի մասնակցեցՄիքայել սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա պատարագի մասնակցելՇիրակի թեմի առաջնորդը վերադարձավ իր կեցավայր. նրան արգելված է պատարագի մասնակցելՄիքայել արքեպիսկոպոսը պահանջում է արդարացնել իրեն, դատախազությունը՝ նրա ազատազրկումը կես տարով երկարացնել