Վարչապետը պնդում է՝ չի ուղղորդել տասը եպիսկոպոսներին, ամիսներ առաջ նման հավաք խոստացած Նիկոլ Փաշինյանն անձամբ Էջմիածին չգնաց, ասաց՝ անհրաժեշտություն չի տեսնում: Փոխարենը աջակցում և ողջունում է վեհափառի հեռանալու պահանջով հավաք անցկացնող եպիսկոպոսներին, որոնք իր հետ հանդիպելուց հետո պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը:
«10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են, և հետևաբար նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է», - նշեց նա:
Կաթողիկոսի հեռանալու պահանջով հավաք անցկացնելու մասին հայտարարությունը եղավ երեկ երեկոյան, վարչապետը պնդեց, թե նրանց մինչև այդ չի հանդիպել, իսկ հավաքի մասին մամուլից է տեղեկացել:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է՝ այս հավաքը հենց Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել: Մարուքյանի կարծիքով՝ սադրանք հրահրելու նպատակ ունի վարչապետը, որն այսօր իր թիմակիցների հետ կողքից է հետևելու Էջմիածնում իրադարձություններին:
«Այս 10 եպիսկոպոսները մտածել են, որ իրենց խնդիրները լուծելու է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի ասում է՝ ժողովուրդ ջան, դուք պետք է անեք, ձեր ձեռքերով եմ ես այս կրակից շագանակները հանելու, հիմա այն պահն է, որ դուք պետք է գնաք Մայր Աթոռ, դուք գնացեք, ես մնացածը կկազմակերպեմ, տեղի կունենա, հետո մենք կգանք», - նշեց Մարուքյանը:
Վարչապետն այսօր վստահ էր՝ Մայր Աթոռում բախումների հնարավորություն չկա: Ասաց՝ իրավապահներն ունեն լիարժեք հնարավորություններ սադրիչներին չեզոքացնելու համար: Այսօր արդեն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե եկեղեցին պաշտպանելու են աղանդավորներից: Սա կաթողիկոսին ուղղված Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ մեղադրանքն է, վարչապետն ամիսներ շարունակ պնդում էր՝ վեհափառը պետք է հեռանա, որովհետև կուսակրոնության ուխտն է խախտել, իսկ վերջին շաբաթների ամենաաղմկոտ մեղադրանքն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը «օտարերկրյա գործակալ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ- ն ու ՔԿ-ն կգնա՞ն Փաշինյանի պնդման հետքերով. ի՞նչ կապ ունի կաթողիկոսը «օտարերկրյա ծառայության լեյտենանտի» հետՎարչապետին այսօր վրդովվեցրեց հարցը, թե ինչու իր այս պնդումից հետո իրավապահները քրեական գործ չեն հարուցում: Ասաց՝ մամուլում փաստաթղթեր կան, հոգևորականներն են ասում, ինքն էլ այդ կարծիքին է. «Դա նաև ակնհայտ իրողություն է, այսինքն՝ ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Ինչո՞վ է նորություն, չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գո՞րծ է ձեզ պետք՝ դա տեսնելու համար, գնացեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները»:
Փաշինյանի այս մեկնաբանություններին արձագանքել են Հայ ազգային կոնգրեսից: Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր պատճառաբանությունը որևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար տարրական զրպարտություն է:
«Եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ», - նշել է Լևոն Զուրաբյանը:
Վարչապետին հարցրինք՝ եթե իրավապահները քրեական գործ չեն հարուցում, իսկ ինքը շարունակում է պնդել, որ կաթողիկոսը պետության դեմ է գործում, այսպիսիով՝ որպես երկրի ղեկավար՝ չի՞ ձևավորում վտանգավոր նախադեպ, որ առանց փաստերի և իրավական գնահատականների մարդկանց կարելի է ծանր մեղադրանքներ ներկայացնել և դիմել դրանից բխող գործողությունների:
«Ոչ, ես վտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետև ի տարբերություն ոմանց, այդ թվում՝ ցավոք, լրատվամիջոցների, անհիմն հայտարարություններ չեմ անում: Դա կոնկրետ հիմնավորում ունի, և հրապարակային են այդ հիմնավորումները», - արձագանքեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չի հետևում իրավական պրոցես, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև իրավական պրոցեսն ունի բազմաթիվ նրբություններ, միջպետական հարաբերությունների հազար հարց կա: Շատ կարևոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնվեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտՆիկոլ Փաշինյանի բացատրությունը, թե իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս՝ ելնելով ազգային անվտանգության շահերից, չի համոզել Լևոն Զուրաբյանին. «Աշխարհի բոլոր բռնապետները Սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ»:
Ոչ միայն կաթողիկոսին, այլ նաև մի շարք ընդդիմադիրների են իշխանականները համարում օտարերկրյա գործակալներ, բայց այս բոլոր դեպքերում էլ նրանց մեկնաբանություններին ոչ մի իրավական գործընթաց չի հետևել: Իրենք՝ ՔՊ-ականները բացատրում են, թե դրանք քաղաքական գնահատականներ են: