Կաթողիկոսը և վեց բարձրաստիճան հոգևորականները այսօրվա դատական նիստին չեն ներկայանա

Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց բարձրաստիճան հոգևորականները այսօրվա դատական նիստին չեն ներկայանա:

Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր 15:00-ին Էջմիածնում նախատեսված դատական նիստին նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։

Դատավորը Սերժ Ռուշանյանն է, որը մեկ անգամ արդեն գործն ուղարկել էր Երևան՝ որոշելու ընդդատությունը, այսինքն, թե որտեղ պետք է ընթանա դատաքննությունը:

Սեպտեմբերի սկզբին Վճռաբեկ դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսների քրեական գործը ուղարկեց հետ՝ Արմավիրի մարզի դատարան: Վճռաբեկը մասնավորապես որոշել էր, որ «քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին»:

Այս որոշումից հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների գործը երկրորդ անգամ մակագրվեց Սերժ Ռուշանյանին:

Այս գործն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի դատավոր Հակոբ Մանուկյանին, նա էլ հենց առաջին նիստում հրաժարվեց քննել այս գործը՝ բացատրելով, որ Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել:

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսի մեղադրանքը հաստատած դատախազը պնդում է՝ համակարգից հեռանալու պատճառը «Վեհափառի գործը չէ» Կաթողիկոսի և մյուսների գործը հետ ուղարկվեց Արմավիրի մարզի դատարանԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»Ի վերջո, ո՞վ կդատի Վեհափառին