Կաթողիկոսն իր և 6 հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքը որակեց անհիմն և հանիրավի

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռում ժամերգությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ իր և վեց բարձրաստիճան հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքը որակելով անհիմն և հանիրավի:

«Վերադարձանք անհիմն և հանիրավիր մեղադրանքով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից: Մենք լի ենք հավատով ու վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները: Մեր ապավինությունն Աստված է և ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու հարազատ երկրի համար է, - հայտարարեց կաթողիկոսը և նշեց, - Աննկուն պիտի լինենք, և միասնական, համառ ջանքեր պիտի ներդնենք, որ դադարեն հանիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն ատելության խոսույթները:

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այսօր Արմավիրի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ այս գործով առաջին դատական նիստը, որն ընդհատվեց մեկնարկից շատ չանցած. դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց:

Գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում: