Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով

Մայր Աթոռից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր 16:00-ին մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությունը։

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

Դատական նիստից առաջ մթնոլորտը բակում շատ թեժ էր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացել էր իր յոթ հոգանոց փաստաբանական թիմով։

Դատական նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց, որ այն պետք է դռնփակ անցկացվի, քանի որ ինչ-որ հարց կա քննարկելու փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, որից հետո հայտնի դարձավ, որ դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել։

«Այսօրվա դատական նիստի հետ կապված տեղեկացնեմ ինչ տեղի ունեցավ։ Ինչպես գիտեք սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի և ինքնաբացարկի հարցը, դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց: Ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, ես այլ մանրամասներ չեմ ներկայացնի, կասեմ այն, ինչ նաև հայտնի է, և արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել: Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի», - ասաց փաստաբանը:

Այժմ այս գործը պետք է մակագրվի այլ դատավորի։

Նիստին ներկա էր նաև գործով միակ տուժող նախկին եպիսկոպոս Արման Սարոյանը, սակայն առանց փաստաբանների:

Այս դատական գործը, ըստ Մայր Աթոռի փաստաբանների, հոգևորականների և ընդդիմության, պետության կողմից Մայր Աթոռի ներքին գործերին խառնվել է, իսկ սա թե՛ Սահմանադրությամբ, թե՛ կրոնական ազատության օրենսդրությամբ և թե՛ միջազգային նախադեպերով ուղղակի անընդունելի է:

Գևորգ Սրբազանն էլ պնդում է, որ Մայր Աթոռի բոլոր ատյանները սպառել են իրենց, և ինքը այլ տարբերակ չունի, քան դատարան դիմելն է։

Դատարանից ոտքով Մայր Աթոռ՝ ժամերգության

Դատական նիստից հետո արդեն Վեհափառի առաջնորդությամբ հոգևորականները, ինչպես նաև բազմաթիվ հավաքված քաղաքացիներ ոտքով շարժվեցին դեպի Մայր Աթոռի տարածք, որտեղ երեկոյան ժամերգություն էր:

ժամերգությունից հետո Վեհափառը իր խոսքը ուղղեց հավաքվածներին Մայր Տաճարի ներսում։

«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով նաև մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով։ Մենք լի ենք հավատում և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու մեր արդար իրավունքները, երաշխավորված ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով», - հայտարարեց Գարեգին Բ-ն։

Նաթան Սրբազանի արձագանքը՝ Սահակ Մաշալյանի լռությանը

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող բարձրաստիճան հոգևորականներից Նաթան Սրբազանից էլ լրագրողները հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ վերջին երկու օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ բացված այս դատավարությունը քննադատել, դատապարտել են Երուսաղեմից և նաև Անթիլիասից, սակայն մինչև այժմ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը լուռ է: «Հուսով եմ, որ դեռևս նամակը տեղ չի հասել», - պատասխանեց նա։

«Ազատության» հարցին՝ «նկատի ունեք, որ նամակ է գրել, որը տեղ չի՞ հասել», բարձրաստիճան հոգևորականը պատասխանեց. «Երևի փոստը լավ չի աշխատում»:

Դիտարկմանը՝ «ասում են՝ նա է հավակնորդը կաթողիկոսի, նման տեղեկություններ լսե՞լ եք», - Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սա մեր ազգային ամոթն է». ընդդիմադիրների արձագանքը կաթողիկոսի գործով դատավարությունը«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեցԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի և դատապարտելի է. Արամ Ա