Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի

Ամենայն Հայոց կաթողիկոսը դատարանում, 7-ը օգոստոսի, 2026թ.

Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի: Ըստ «Դատալեքսի»՝ գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը: 29-ամյա դատավորը նոր նիստի օր դեռ չի նշանակել:

Ռուշանյանը դատավոր նշանակվել է 2023 թվականին, մինչ այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում, դրանից առաջ էլ՝ 2017-2020 թվականները՝ «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահն է եղել:

«Դատալեքսում» նաև հրապարակվել է անցած շաբաթ այս գործը քննելուց հրաժարված դատավոր Հակոբ Մանուկյանի բացատրությունը:

Դատավորը նշում է, որ 2021 թվականին ուսանել է Փաստաբանական ակադեմիայում և այդ ընթացքում այս գործով կաթողիկոսի փաստաբանը՝ Արա Զոհրաբյանը, եղել է Փաստաբանների պալատի նախագահ և Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ, և փաստաբանի արտոնագիրը բանավոր քննությունից հետո իրեն տվել է հենց Զոհրաբյանը:

«Նշված փաստական հանգամանքները իրենց ամբողջության մեջ անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կարող է առաջացնել տվյալ գործով իմ անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել ինչպես գործի քննության օբյեկտիվությունը, այնպես էլ կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է սույն գործով հայտնել ինքնաբացարկ», - գրել է դատավորը:

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեում են նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարում է դատական ակտի խոչընդոտում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով