Կարապետյանը հերքում է, թե իրենք ընտրակաշառք են բաժանում

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը դատարանում, ապրիլ, 2026թ.

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որ տնային կալանքի տակ է, այսօր ևս դատարան եկավ ոստիկանական ավտոմեքենայով։ Թե՛ մինչև դատական նիստը, թե՛ նիստի ավարտից հետո նա կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ իրավապահների հարուցած վարույթներին։

Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն վերջին շրջանում մի քանի քրեական վարույթներ են հարուցել և հայտարարում են, որ Սամվել Կարապետյանի ուժի ներկայացուցիչները ընտրակաշառք են տալիս, բարեգործության արգելքն են խախտում, մարդկանց նյութական շահագրգռվածությամբ հավաքների են տանում: Այսօր էլ Հակակոռուպցիոն կոմիտեն մի վարույթի մասին էր հայտարարել և հրապարակել էր ձայնագրություններ։ Այդ ձայնագրություններում տարբեր տղամարդկանց ձայներ են լսվում, որոնք խոսում են ինչ-որ գումարային, կազմակերպչական հարցերի մասին։

«Ասում են՝ փող են բաժանում և այլն», - լրագրողների այս դիտարկմանը Կարապետյանն արձագանքեց. - «Իհարկե ոչ, իհարկե ոչ»:

Հարցին էլ՝ «իսկ դրանք ի՞նչ ձայնագրություններ են, ի՞նչ են», նա պատասխանեց. - «Հարցրեք, ով ձայնագրում է։ 100 դոլար չենք նախատեսել: Ոչ մի կաշառք էլ չենք բաժանում: Չեք կարո՞ղ ձայնագրողներին հարցնեք, ես շատ գիտեմ: Ես ո՞րտեղից գիտեմ ով ա ձայնագրել»:

Իսկ դատական նիստից առաջ Սամվել Կարապետյանը պատասխանել էր մի հարցի, թե արդյո՞ք իր դեմ կան քրեական գործեր այլ երկրներում: «Դա իրանց երազանքներն են, Փաշինյանը իր երազներն ա պատմում», - ասել էր գործարարը:

Սամվել Կարապետյանը մեղադրվում է երկու տարբեր հոդվածներով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար: Նա մեղքը չի ընդունում, արդեն 10 ամսից ավելի է՝ նա և իր կողմնակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Այսօրվա դատական նիստը երրորդն էր, և դատարանում Կարապետյանի փաստաբանները առաջինը խնդրեցին վերացնել տնային կալանքը, որը նախորդ նիստին դատարանը երկարացրել էր ևս երեք ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ տնային կալանքի տակ է իր պաշտպանյալը և չի կարողանում այցելել հոր գերեզմանին, ում մահվան մեկ տարին շուտով լրանում է, խնդրեց դատարանին թույլատրել:

«Մենք ինքներս, այդ թվում՝ ես, այդ թվում՝ պարոն Ֆերոյանը, մեր մյուս գործընկերները, այդ հանձնառությունը պատրաստ ենք ապահովելու, ուղեկցելու Սամվել Կարապետյանին իր հոր գերեզմանին», - ասաց Վարդևանյանը:

«Պատվարժան դատարան, ինչ ներկայացրեց իմ պաշտպանը, դա իհարկե իմ ցանկությունն է», - հավելեց Կարապետյանը:

Դատախազը, սակայն, դեմ էր, և դատարանը մերժեց։

«Կոնկրետ միջնորդությամբ նշված խնդրանքը, պահանջը, որքանով որ դա մարդասիրության տեսանկյունից ճիշտ է, ողջամիտ է կամ արդարացված է, բայց մենք քրեական դատավարության շրջանակներում, դատարանը սահմանափակված է օրենքով, Սահմանադրությամբ, նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը որոշում է միջնորդությունը մերժել», - հայտարարեց դատավորը:

Այս միջնորդությունից հետո Սամվել Կարապետյանի փաստաբանները երկրորդ միջնորդությունը ներկայացրեցին՝ դատարանին խնդրեցին փոփոխել տնային կալանքը, վերացնել և գոնե կիրառել 24-ժամանոց վարչական հսկողություն, որպեսզի իրենց պաշտպանյալն արդեն անարգել կարողանա տնից դուրս գալ, հասնել Լոռի՝ գերեզմաններ։

«Պատվարժան դատավոր, դա իսկապես իմ համար հոգեբանորեն կարևոր հարց է, եթե հնարավորություն կլինի, խնդրած կլինեմ, որ բավարարեք», - հայտարարեց Սամվել Կարապետյանը:

Այս դեպքում նույնպես դատախազը դեմ էր, դատարանը ևս, և այս միջնորդությունը ևս մերժվեց։

Հաջորդ դատական նիստը մայիսի 12-ին է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արթուր Ավանեսյանը շարունակում է հացադուլըՔԿ-ն հայտնում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող հերթական քրգործի մասին«Կանդազը հացադուլ է սկսել ապօրինությունների դեմ». Հակակոռուպցիոնը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս 5 ներկայացուցչիԸնտրակաշառքի գործով մի խումբ անձինք են ձերբակալվելԿալանավորված Կանդազի աշխատանքի խոստումը՝ որպես կաշառք. «Ուժեղ Հայաստան»-ը հիշեցնում է Փաշինյանի խոստումներըՍամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվեցՆոր քրեական գործ՝ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվողՈստիկանություն տարված, ապա ազատ արձակված Գյուլագարակի ավագանու անդամը պնդում է՝ հավաքին մասնակցել չեն պարտադրելԳյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները«Ուժեղ Հայաստանի» 17 ձերբակալված համակիրներից միայն 3-ն է տնային կալանքի տակՄեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ում դաշինքը չգրանցելու միտում են տեսնումՍամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՔննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, ակցիա դատարանի բակումԸնտրակաշառքի գործով 2-ն ազատ են արձակվել, 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել«Թղթի կույտ, աբսուրդ մեղադրանք». Սամվել Կարապետյանին ոստիկանական ավտոմեքենայով բերեցին դատարան